Գառնու համայնքապետը հերքում է «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի մոտ առևտրի կրպակ տեղադրելու մասին լուրը
Համացանցում հունիսի 11-ին լուրեր տարածվեցին, որ Գառնու ձորում՝ Ազատ գետի ափին գտնվող «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի մոտ տեղադրվել է առևտրի կրպակ: Տեղեկությունը բուռն արձագանք ստացավ համացանցի օգտատերերի մոտ՝ մասնավորապես նրանց զայրացրել էր այն փաստը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս կազմող տեսարժան հուշարձանից մի քանի մետրի վրա ընդհանրապես կարելի է առևտրի կրպակ տեղադրել:
Գառնու համայնքապետ Տիգրան Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում հերքեց տարածվող լուրը և մանրամասնեց, որ պարզապես այդ ճանապարհով կրպակը տեղափոխող մեքենան խափանվել է, կրպակը կարճ ժամանակով տեղադրել են «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի հարևանությամբ, ապա մեկ այլ մեքենայով տեղափոխել են նախատեսված վայր:
«Այս պահին Գառնու ձորում որևէ առևտրի կրպակ չկա»,- վստահեցրեց Գառնու համայնքապետը:
ԱՆՆԱ ԴԵՄԻՐՃՅԱՆ