ՀՀ ՊԵԿ նախագահն ու ՌԴ Դաշնային հարկային ծառայության ղեկավարը քննարկել են հարկային ոլորտում երկկողմ գործակցության հեռանկարները
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հունիսի 10-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Դաշնային հարկային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովի գլխավորած պատվիրակությանը:
Քննարկվել են հարկային ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիպման առանցքում է եղել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՌԴ դաշնային հարկային ծառայության միջև ստորագրված «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների միջև վստահված երրորդ կողմի մեխանիզմի կիրառմամբ անդրսահմանային առևտրի ժամանակ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման փորձնական ծրագրի իրականացման մասին» ճանապարհային քարտեզի իրագործման ընթացքը:
Կողմերն ավարտված են գնահատել փորձնական ծրագրով նախանշված մի շարք միջոցառումներ և փաստել են չկատարված միջոցառումները մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: Հանդիպմանը շեշտվել է՝ փորձնական նախագծի բարեհաջող իրականացման դեպքում մշակել նաև ծրագրի հետագա զարգացման և բոլոր շահագրգիռ անձանց վրա տարածման հարցը, որպեսզի անդրսահմանային առևտրի ժամանակ տնտեսվարող սուբյեկտների միջև էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման հնարավորություն լինի ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ ԵԱՏՄ հարթակում:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և ՌԴ Դաշնության Դաշնային հարկային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովը մտքեր են փոխանակել համագործակցության հետագա քայլերի վերաբերյալ: Դիտարկվել են նաև Ռուսաստանի և Հայաստանի հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարված համատեղ աշխատանքները:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը հետագա փոխգործակցության ընդլայնման և ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ: