«Մեր պատգամավորներին թվում է, թե անարգել կարող են մտնել ցանկացած կառավարական շենք». Արա Ֆիդանյան

«Վերջին, եթե չեմ սխալվում՝ 40 օրերի ընթացքում հավաքի կազմակերպիչները նախապես չեն ծանուցում իրենց հավաքների մասին, ինչպես սահմանված է օրենքով։ «Հավաքների ազատության մասին» օրենքով սահմանված է նաև շտապ հավաք, որը կարող է տևել 6 ժամ, սա շատ կարևոր է, որովհետև 40 օր է, մենք 6-ժամյա ռեժիմի մեջ ենք։ Ակնհայտ է, որ այստեղ հավաքի մասնակիցները, կազմակերպիչներն իրենց տված այդ իրավունքը մի փոքր, մեղմ ասած, անցնում են»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ոստիկանապետի առաջին տեղակալ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե փողոցում պայքարող մարդիկ արդյո՞ք նախապես տեղեկացնում են իրենց երթերի, երթուղու մասին։

Ինչ վերաբերում է օրերս ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության մի քանի կին պատգամավորների Առողջապահության նախարարության շենք մուտք գործելուն, Արա Ֆիդանյանը պարզաբանեց. «Մեր պատգամավորներին թվում է, թե իրենք անարգել կարող են մտնել ցանկացած կառավարական շենք։ Նույն «Պատգամավորների գործունեության երաշխավորման մասին» օրենքի, եթե չեմ սխալվում, 6-րդ հոդվածով ասվում է, որ ԱԺ պատգամավորները կարող են հանդիպում պահանջել պետական կառավարման մարմնի նախարարությունների ներկայացուցիչների հետ, և նախարարության ներկայացուցիչը, նախարարը պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետում ընդունել պատգամավորին։ Սա նշանակում է, որ նախ պատգամավորը պետք է ունենա համաձայնություն տվյալ նախարարի հետ։ Իրենք որոշակիորեն անցնում են իրենց իրավունքները և լիազորությունները»։

Ինչ վերաբերում է  ոստիկանության աշխատանքին, համակարգը ներկայացնող պաշտոնյան ասաց, որ առանց խնդիրների հնարավոր չէ աշխատանք իրականացնել, քանի որ սադրանքները շատ են։

«Օրինակ, մարդիկ քորոցներով գալիս են ու աննկատ ծակում են բերետավորներին, պարբերաբար նման բան է լինում։ Դրանից հետո, կարծում եք՝ կարմիր բերետավորը կամ այլ ծառայող կարո՞ղ է իրեն տիրապետել։ Գալիս հայհոյում են, դա նորմա՞լ է»,- եզրափակեց Արա Ֆիդանյանը։

Տեսանյութեր

Լրահոս