Դելիմիտացիայի շրջանակում Փառուխի հարցը կլուծվի՞. Լավրովն ու Միրզոյանն անդրադարձան ադրբեջանական ԶՈՒ ներխուժմանը ԼՂ Փառուխ գյուղ

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներն այսօր առավոտյան Երևանում ունեցած բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձան ամիսներ առաջ ԼՂ Փառուխ գյուղ ադրբեջանական ԶՈՒ ներխուժման փաստին:

Լավրովն ասաց, որ ռուս զինվորականները և իրենց հայ ընկերներն այդ մասին լավ տեղեկացված են, որ ռուսական կողմը թեման պահում է իր առաջնահերթությունների շարքում:

«Կան արդեն իսկ արդյունքներ իրավիճակի ապաէսկալացիայի տեսքով, և մենք ընկալում ունենք, որ սկսվող դելիմիտացիայի առարկայական գործընթացի շրջանակում այդ հարցերը դիտարկվելու են և անպայմանորեն լուծվելու»,- ասաց Լավրովը:

Հիշեցնենք, որ ասուլիսի իր բացման ելույթում Արարատ Միրզոյանը ևս անդրադարձավ Փառուխ գյուղում ստեղծված իրավիճակին՝ ասելով, որ ՀՀ-ն շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս-քվոն, մարտի 23-ի դրությամբ առկա իրավիճակը, որը խախտվել էր Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից մարտի 24-ին ԼՂ-ի Փառուխ գյուղ ներխուժմամբ:

«Մենք բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերն ուղղված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարմանը, որոնց թվում չափազանց արդիական է հայ ռազմագերիների վերադարձի հարցը: Այս ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ հայ գերիների մի մասի վերադարձը հայրենիք: Միևնույն ժամանակ ռազմական գործողություններից գրեթե մեկուկես-երկու տարի անց Ադրբեջանը խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը՝ խափանում է հայտարարության դրույթների կատարումը և հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին և մյուս պահվող անձանց: Հույս ունենք, որ ռուսական կողմը էլ ավելի մեծ ջանքեր կգործադրի այս ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս