Իտալական ավանդական խոհանոցի թոփ-10-ը
1. Պիցցա, Նեապոլ
Աշխարհի ամենահայտնի ուտեստներից մեկն իտալական խոհանոցի այցեքարտային սննդատեսակն է, որն իրենից ներկայացնում է շրջանաձև հաց՝ ծածկված լոլիկի սոուսով, պանրով և այլ բաղադրիչներով: Պիցցայի հայրենիքը համարվում է Նեապոլ քաղաքը:
2. Լազանյա, Բոլոնյա
Քառակուսի կամ ուղղանկյուն պաստայից պատրաստված ուտեստ՝ լցոնված բեշամել սոուսով, խմորե թերթիկներով և պարմեզան պանրով: Ըստ տարածաշրջանի՝ լցոնման բաղադրիչները կարող են տարբերվել. միս, լոլիկ, սպանախ, բոլոնյան սոուս, մոցարելլա կամ ռիկոտտա:
3. Օսսոբուկո, Միլան
Միլանն ունի իր սեփական ֆիրմային ուտեստը՝ Օսսոբուկոն: Այն պատրաստում են հորթի տոտիկներից, որոնք շոգեխաշվում են սպիտակ գինու, մսի արգանակի և բանջարեղենի հետ:
4. Ջելատո, Իտալիա
Հայտնի իտալական աղանդերը պատրաստվում է կովի թարմ կաթից, սերուցքից և շաքարից, հատապտուղներից, ընկույզներից, շոկոլադից և թարմ մրգերից: Ջելատոն սովորական պաղպաղակից տարբերվում է կաթնամթերքի ցածր պարունակությամբ: Յուրաքանչյուր վարպետ ջելատոն ստեղծում է յուրօրինակ բաղադրատոմսով, սեփական համով և հոտով, և այն մատուցվում է պատրաստվելուց անմիջապես հետո:
5. Պանցանելլա, Տոսկանա
Տոսկանյան բանջարեղենային աղցանը հայտնի է՝ որպես ամառային աղցան: Հիմնական բաղադրիչներն են սեղմված և հնեցված հացը, լոլիկը, ձիթայուղը, աղը և սև պղպեղը, հաճախ՝ նաև կարմիր սոխը: Կարող են ավելացնել նաև պանիր և ձիթապտուղ:
6. Ֆոկաչա, Լիգուրիա
Բառացի նշանակում է «օջախում թխված հաց»: Ավանդաբար պարունակում է երեք բաղադրիչ՝ ալյուր, ջուր և ձիթայուղ: Երբեմն ավելացնում են սխտոր, լոլիկ, ռեհան, ձիթապտուղ և այլն:
7. Կարբոնարա, Հռոմ
Յուրաքանչյուր քաղաք Իտալիայում ունի պաստայի իր ֆիրմային տարբերակը: Հռոմում դա կարբոնարան է: Այն պատրաստվում է թարմ ձվով, Պեկորինո ռոմանո պանրով և գուանչիալեով (խոզի ապխտած այտեր):
8. Չիչետի, Վենետիկ
Վենետիկյան ֆիրմային ուտեստն իրենից ներկայացնում է փոքրիկ բուտերբրոտներ՝ բաղկացած հացից և տարատեսակ միջուկներից: Խորհուրդ է տրվում ճաշակել մեկ գավաթ տեղական գինու հետ:
9. Կապոնատա, Սիցիլիա
Սիցիլիական խոհանոցը տարբերվում է իտալականից: Այն իրենից ներկայացնում է հունական, իսպանական և արաբական խոհանոցների համադրություն: Սիցիլիայի դասական ուտեստը՝ Կապոնատան, տաք բանջարեղենային աղցան է՝ պատրաստված սմբուկով: Յուրահատուկ համ է տալիս աղցանին հատուկ թթվաքաղցր սոուսը:
10. Բուրատտա, Ապուլիա
Իտալական թարմ պանիր, որը պատրաստվում է գոմեշի կամ կովի կաթից կամ սերուցքից և պատկանում է մոցարելլա պանիրների ընտանիքին: Բուրատտայի հետ սովորաբար մատուցում են հասած լոլիկ, ձիթայուղ և թարմ աղացած ձև պղպեղ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը