Փրկարարները շարունակում են Սեւանա լճում այս տարվա մայիսի 6-ից անհետացած ձկնորս Իշխան Աբրոյանի որոնողական աշխատանքները
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները շարունակում են այս տարվա մայիսի 6-ից Սեւանա լճում անհետացած ձկնորս Իշխան Աբրոյանի որոնողական աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը, այսօր առավոտվանից կրկին շարունակվել եւ ընթանում են որոնողական աշխատանքները լճի վրա եւ ափամերձ հատվածներում։ Փրկարարական աշխատանքներում ընդգրկված են 12 հոգի։
«Մայիսի 6-ից մինչ օրս որոնողական աշխատանքները փրկարարների կողմից չեն դադարել ոչ մի օր։ Մայիսի 23-ի որոնումների արդյունքում փրկարարները կարողացան գտնել Իշխան Աբրոյանի հետ միասին ձկնորսության դուրս եկած եւ անհետացած Ավետիք Սեւոյանի դին, սակայն մինչ այժմ կատարված որոնումներն անարդյունք են ավարտվում Իշխան Աբրոյանին հայտնաբերելու ուղղությամբ, թեեւ օրավուր ընդլայնում ենք որոնումների շրջանակը»,-ներկայացրեց Գարիկ Հակոբյանը։
Խոսրով Խլղաթյան