«Մադրիդյան սկզբունքները չեն ավարտվել փաստաթղթով, Արցախը բանակցություններից դուրս թողնող փաստաթուղթ ստորագրել է միայն Նիկոլ Փաշինյանը». Արմեն Ռուստամյան

Նախկինում որևէ իշխանություն չի արել այնպիսի քայլ, որով արձանագրի՝ Արցախն այլևս սուբյեկտ չի, դա արել է Նիկոլ Փաշինյանը՝ ստորագրելով 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Այնտեղ Արցախի ստորագրություն չկա»,- ընդգծել է նա՝ շարունակելով, որ Հայաստանի որևէ իշխանություն իրավունք չունի վճռել Արցախի ճակատագիրը:

Լրագրողներից մեկի հարցին՝ ով է Արցախը դուրս թողել բանակցություններից, ասում են՝ փաստացի դա արել է Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Ռուստամյանն արձագանքել է.

«Դուք տեսե՞լ եք Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի որևէ ստորագրություն, որտեղ Արցախը չկա։ Մադրիդյան սկզբունքները չեն ավարտվել փաստաթղթով։ Այդպիսի փաստաթուղթ ստորագրել է միայն Նիկոլ Փաշինյանը, սա փաստ է, որից նա չի կարող խուսափել»:

Հարցադրմանը՝ ինչ է նշանակում այն, որ Եվրոպական խորհուրդը փորձում է «խցկվել» երկու հաշտվող կողմերի միջև, արդյո՞ք լուծումը դրսում է, Արմեն Ռուստամյանը նշել է, որ սա հուշում է՝ մենք հայտնվել ենք աշխարհաքաղաքական շահերի կիզակետում, և, որ Հայաստանի շահերն այսօր պաշտպանող չկա: Այսինքն, մյուս կողմերն են որոշում, թե մենք որ կողմով պիտի գնանք:

«Հայաստանն այսօր որևէ դիրքորոշում, կարմիր գիծ չի ներկայացնում։ Բոլորն իրենց շահերն են հետապնդում, աշխարհաքաղաքական վերադասավորումներ են տեղի ունենում, իսկ Հայաստանը հայտնվել է մի վիճակում, երբ քամին որ ուղղությամբ փչի, այդ ուղղությամբ կգնա»,- ընդգծել է Արմեն Ռուստամյանը։

Այս համատեքստում դաշնակցական գործիչը շարունակել է, թե ենթադրելի է, որ Բրյուսելում նախանշվել է մի ընթացք, որին համահունչ քայլեր են կատարվում՝ կապված սահմանագծման և սահմանազատման գործընթացի հետ։

«Նիկոլ Փաշինյանն ասաց՝ առաջիկա օրերին պետք է լինեն սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ, եղան։ Ասեց՝ պիտի աշխատեն հաշտության կամ խաղաղության պայմանագրի վրա, ենթադրում եմ, որ առաջիկա շաբաթներին դա էլ կլինի ընթացքի մեջ: Առաջիկա հանդիպումը նախատեսված է հուլիս-օգոստոս ամիսներին։ Շատ հավանական է, որ հուլիս-օգոստոս ամիսներին այս բոլորը ամփոփվի, և մեզ նորից փաստի առջև կանգնեցնեն»,- ասել է Ռուստամյանը՝ հավելելով, որ վտանգը նրանում է, որ ամեն ինչ տեղի է ունենում մեր, ԱԺ-ի թիկունքում, և այս կամ այն բանի մասին իմանում ենք արդեն միայն որպես կատարված փաստ:

Անդրադառնալով ընդդիմության առաջ քաշած 7 պահանջներին, Արմեն Ռուստամյանը նշել է, որ ԱԺ վերադառնալու են իրենց նշած օրակարգով, ինչը արել են:

Ըստ նրա, եթե իշխանությունն ընդուներ իրենց առաջարկած 7 կետերը, դրանից հետո ստիպելու էին վերանայել արտաքին և ներքին քաղաքականությունը, ինչին իշխանությունը պատրաստ չէ:

Նշենք, որ առաջարկել են հետևյալ 7 կետերը.

-Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:

-Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

-Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:

-Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:

-Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերման նախապայմանով:

-Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:

-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:

-Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ:

Տեսանյութեր

Լրահոս