Բաժիններ՝

ՎՏԲ-Հայաստան Բանկի թոշակառու հաճախորդները նույնպես կօգտվեն ՀՀ կառավարության ծրագրից

Հունիսի 2-ի կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Հայաստանում անկանխիկ վճարմանն անցնելու մասին ծրագրի քննարկման ժամանակ տեղեկացրեց, որ արդեն թվով երեք բանկ՝«Արդշինբանկը», «ՎՏԲ-Հայաստան Բանկը» և «Հայբիզնեսբանկը»,  միացել են ծրագրին, և այն անձինք, որոնց կենսաթոշակներն այս բանկերին են փոխանցվում,  քարտով անկանխիկ գնումներ կատարելու դեպքում կարող են  ստանալ հետվճար 10%-ի կամ մինչև 5000 դրամի չափով՝ նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից:

168.am-ն անդրադարձավ այն հարցին, թե ինչպե՞ս են ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով կենսաթոշակ ստացող թոշակառուներն օգտվելու կառավարության ծրագրից, կարողանալու՞ են արդյոք կատարել անկանխիկ գործարքներ բանկի քարտերով:

Համաձայն բանկի կողմից նախկինում տարածած տեղեկատվության՝ ՀՀ թոշակառուներն այս պահին կարողանում են օգտվել բանկի բանկոմատներից և քարտով անկանխիկ գործարքներ կատարել այն խանութներում և սպասարկման կետերում, որտեղ տեղադրված են ՎՏԲ-Հայաստան Բանկի POS տերմինալները:

Ինչպես հայտնի դարձավ, շուտով բանկի բոլոր թոշակառուներին կտրամադրվեն «Мир» վճարային քարտեր, որոնք գործելու են ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում ու ԱՊՀ երկրներում, այլև արտասահմանյան որոշ երկրներում: Այսինքն՝ բանկի հաճախորդ հանդիսացող թոշակառուները կարողանալու են կատարել անկանխիկ գործարքներ և խնդիրներ չեն ունենալու ՀՀ կառավարության ծրագրից օգտվելու առումով:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը 168.am-ի հետ զրույցում նույնպես անդրադարձավ «ՎՏԲ-Հայաստան» բանկին առնչվող մտավախություններին և նշեց, որ թոշակառուներն անհանգստանալու կարիք չունեն, քանի որ Բանկի գործունեությունը վերահսկվում և կարգավորվում է ՀՀ ԿԲ-ի կողմից։

ԱՆՆԱ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս