Բաժիններ՝

Բայդենն ընդգծել է զենքի նկատմամբ վերահսկողության խստացման անհրաժեշտությունը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի Սահմանադրության Երկրորդ ուղղումը, որը երաշխավորում է հրազեն ունենալու իրավունքը, ինքնաբավություն չէ, եւ անհրաժեշտ է խստացնել դրա վերահսկողությունը:

«Երկրորդ ուղղումն, ինչպես եւ բոլոր մյուս իրավունքները, ինքնաբավություն չէ»,- ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը՝ հունիսի 2-ի երեկոյան հանդես գալով Սպիտակ տնից համաքաղաքացիներին հղած հեռուստաուղերձով՝ վերջին ժամանակներս երկրում տեղի ունեցած զանգվածային հրաձգության դեպքերի առնչությամբ:

Վկայակոչելով ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նախկին դատավորներից մեկի կարծիքը՝ նախագահն ընդգծել է որ Երկրորդ ուղղումով երաշխավորվող իրավունքներն «անսահման չեն եւ երբեք այդպիսիք չեն եղել»:

«Միշտ գոյություն են ունեցել այն բանի սահմանափակումներ, թե ինչ զենք կարելի է ունենալ Ամերիկայում: Օրինիակ՝ գնդացիրները դաշնային մակարդակով են կարգավորվում գրեթե 90 տարվա ընթացքում, բայց այն նախկինի պես ազատ երկիր է»,- նշել է Բայդենը։

Նրա խոսքով՝ զենքի նկատմամբ վերահսկողության օրենսդրությունը խստացնելու կոչը չի նշանակում, թե «ինչ-որ մեկը կզրկվի իր իրավունքներից»: «Խոսքն այն մասին է, որ պաշտպանենք երեխաներին, պաշտպանենք ընտանիքները, պաշտպանենք ամբողջ հանրակցություններ: Խոսքը վերաբերում է դպրոց, մթերային խանութ, եկեղեցի գնալու եւ ըստ որում վիրավորված կամ սպանված չլինելու՝ մեր ազատությանը»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:

«Մենք պետք է արգելենք գրոհային զենքը եւ մեծ տարողության պահեստատուփերը: Իսկ եթե մենք չենք կարողանում արգելել գրոհային զենքը, ապա մենք պետք է բարձրացնենք տարիքը, որի դեպքում այն կարելի է գնել՝ 18 տարեկանից մինչեւ 21 տարեկան»,- հավելել է Բայդենը:

Նա նաեւ կոչ է արել խստացնելու հրազեն պահելու կանոնները, ընդունելու օրենքներ, որոնք թույլ տան քաղաքացուն ժամանակավորապես զրկել զենք ունենալու իրավունքից, եթե դատարանը նրան ճանաչում է վտանգավոր շրջապատողների համար: Նախագահը նաեւ հայտարարել է այն օ՛րենքների փոփոխության անհրաժեշտւթյան մասին, որոնք ըստ էության զենք արտադրողներին պաշտպանում են նրանց դեմ դատական հայցեր հարուցելուց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս