«Հավը երազում կորեկ է տեսնում. ՀՀԿ-ն պայքարել ու պայքարելու է». Էդուարդ Շարմազանովը՝ պայքարը դադարեցնելու լուրերի մասին
Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլի այն հրապարակումներին, թե ՀՀԿ-ն առաջարկել է, որպեսզի փողոցային պայքարում դադար վերցնեն, քանի որ այդ պայքարն արդեն որոշակի արդյունք է տվել։
Արդյո՞ք ՀՀԿ-ն փողոցային պայքարում դադար վերցնելու առաջարկ արել է, եթե արել է, ապա պայքարի ընթացքում արձանագրված արդյունքները որո՞նք են։
«Պետք է ասեմ, որ այս լուրը ծիծաղելի, զավեշտալի, մտացածին ֆեյք լուր է։ Իհարկե, նախևառաջ պետք է նշեմ, որ մեկամսյա պայքար՝ անհնազանդության, տասնյակ-հազարավոր քաղաքացիների միասնական, հայկականության, ազգային պետականություն ունենալու, հայկական Արցախ ունենալու պայքարը՝ ընդդեմ նիկոլիզմի, այո, արդյունավետ է։ Արդյունքները տեսանելի են, և ինչպես ժողովուրդն է ասում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը որպես քաղաքական արժեք՝ դարձել են զրո, 10 կոպեկի արժեք չունեն, 10 կոպեկանոց իշխանություն է։ Դրա վառ ապացույցն այն է, որ նա թաքնվում է ոստիկանական շարասյան թիկունքում։ Երբեմնի հեծանիվով շրջող ժողվարչապետը վախենում է ժողովրդի մեջ մտնել, և նա իրեն շրջապատում է բացառապես պոլիցայների կորդոնով, ինչու եմ ասում՝ պոլիցայներ, որովհետև կան ոստիկաններ և կան պոլիցայներ, և բոլոր նրանք, ովքեր ապօրինություններ են իրականացնում՝ նրանք պոլիցայներ են։ Նիկոլ Փաշինյանը սրանով ցույց է տվել, որ ինքը հեղինակազրկված է և չունի որևէ իշխանություն, թաքնվում է ուժային կառույցների վահանների հետևում»,- նշեց Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով 168.am-ի հարցադրումներին։
Շարունակելով՝ Է. Շարմազանովն ասաց, որ յուրաքանչյուր օր կա՛մ Կառավարության մոտ, կա՛մ Երևանի փողոցներում տասնյակ-հազարավոր մարդիկ բացականչում են տարբեր կոչեր, նույնիսկ հրավիրում են, որպեսզի Նիկոլ Փաշինյանն իջնի ներքև, սակայն նա թաքնվում է իր Կառավարության կա՛մ ամառանոցում, կա՛մ աշխատասենյակում։
«Նիկոլն իշխանություն չունի, նրան պաշտպանում են Չավուշօղլուն, Էրդողանը, Ալիևը, Բայրամովը և ՔՊ-ի որոշակի անդամներ և ուժային կառույցների մի մասը։ Մի մարդ, որը ժամանակին հայտարարում էր, որ ժողովրդի դուռն է, ինչ ուզեն՝ կանեն Կառավարության դուռը, բայց երբ ժողովուրդը գնում է կառավարության դուռը՝ ինքը թաքնվում է»,- հայտարարեց նա և շեշտեց՝ Հանրապետականը չէր կարող առաջարկել դադար վեցրնել փողոցային պայքարում։
«Հանրապետականն այս կապիտուլյանտ իշխանության առաջին իսկ օրվանից պայքարել ու պայքարելու է այս հակաազգային, հակապետական ռեժիմի դեմ։ Մենք պայքարում ենք այս ռեժիմի դեմ արդեն 4 տարի։ Հանուն Արցախի մենք արդեն պայքարում ենք սրանց դեմ 4 տարի, և եթե մեր շատ գործընկերներ, ընկերներ պայքարին միացել են ինչ-որ մի փուլում, մենք ի սկզբանե արձանագրել ենք սրանց հակապետական, ազգակործան բնույթը և վճռական ենք պայքարելու մեր ժողովրդի, հասարակության հետ։ Մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ կա՛մ Հայաստանը կլինի, կա՛մ կլինի նիկոլիզմը։ Վերջինս չի կարող հաղթել Հայաստանին ու Արցախին, նիկոլիզմը գնալու է, Հայաստանն ու Արցախը մնալու են։ Այդ լուրի մասին ասեմ, որ ինչպես ժողովուրդն է ասում՝ հավը երազում կորեկ է տեսնում, մենք վճռական ենք, պայքարելու ենք մինչև վերջ ու հաղթելու ենք։ Երբ ասում եմ՝ «մենք», ապա նկատի չունեմ, որ սա կուսակցական պայքար է՝ հաղթելու է հայ ժողովուրդը»,- նշեց Է. Շարմազանովը։
Նա նաև նկատեց, որ մեկ արցախյան շարժումն է եղել այսքան մարդաշատ և այսքան երկարատև, մեկ էլ փողոցային այս շարժումը, որը, հիրավի, «արցախյան շարժում 2» է։
«Որպես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ՝ ասեմ, որ ՀՀԿ-ն պայքարել ու պայքարելու է՝ ընդդեմ ազգակործան պատուհասության, կապիտուլյացիայի և ընդդեմ այս ազգակործան խունտայի»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում