Ժողովրդի համար այդ որոշումն արդարացի չէ. ինքնաբուխ շարժը չի դադարելու, քանի դեռ ուղեվարձի գները չեն վերանայվել. Կոտայքի բնակիչ
ՀՀ Կոտայքի մարզում մայիսի 1-ից նոր ավտոբուսներ են սկսել աշխատել, իսկ մեկ օր անց ուղեվարձը թանկացել է, և, ինչպես բնակիչներն են պնդում, 50-100 տոկոսով:
Կոտայքի մարզի մի շարք համայնքների՝ Չարենցավանի, Հրազդանի, Նոր Հաճնի, Բյուրեղավանի, Աբովյանի բնակիչները հունիսի 1-ին հանդիպել էին Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ: Հանդիպմանը մասնակցել էին նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից ներկայացուցիչներ:
«Մենք բարձրաձայնեցինք հուզող հարցերը, ասացինք, որ բավարար ինֆորմացված չենք, որպեսզի հասկանանք, թե ի՞նչ չափորոշիչներով է անցկացվել մրցույթը, ինչպե՞ս են մշակել գնային քաղաքականությունը, ինչո՞ւ չվացուցակներն առկա չեն և այլն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մարզի բնակիչներից Մարտին Գևորգյանը:
Մեր հարցին, թե պաշտոնյաներն ինչո՞վ են բացատրել գնի բարձրացումը, Մարտին Գևորգյանը պատասխանեց. «Մենք ասում ենք՝ գինը բարձր է, իրենք պատասխանում են, թե բարձր չէ, համապատասխան է, ու բերեցին այլ թանկացումների մի շարք օրինակներ: Մենք ասացինք, որ, եթե անգամ «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ-ն կարողանա ապացուցել, որ արդարացի գին է դրել, ժողովրդի համար այդ որոշումն արդարացի չէ, ու ժողովրդի ինքնաբուխ շարժը չի դադարելու այնքան ժամանակ, քանի դեռ ուղեվարձի գները չեն վերանայվել»:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ լինելու է մեկ այլ հանդիպում ևս, սակայն մի փոքր ուշ, մինչև իրենք էլ ինֆորմացված կլինեն:
Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 26-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացրեց, որ Հայաստանի երեք մարզում՝ Կոտայքում, Արմավիրում ու Արարատում, տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել ու անցկացրել է միասնական երթուղային օպերատորի մրցույթ։ Կոտայքի մարզում մրցույթում հաղթող է ճանաչվել «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ-ն, որն արդեն իսկ ներկրել է 80 միկրոավտոբուս։ Առաջիկայում ընկերությունը կներկրի ևս 70 ավտոբուս և մայիսի վերջից արդեն 150 միկրոավտոբուսով կսպասարկի Կոտայքի մարզի համայնքները։
Ուղեվարձը, սակայն, մայիսի 2-ից թանկացել է: Բնակիչների փոխանցմամբ՝ օրինակ, Աբովյանի Զառ գյուղից մինչև Աբովյան ուղեվարձը 150 դրամ էր, հիմա դարձել է 300 դրամ: Աբովյանից Երևան 200 դրամի փոխարեն՝ հիմա վճարում են 300 դրամ:
2021 թվականի հոկտեմբերի 22-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Կոտայքի մարզում միասնական երթուղիներով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով մրցույթ է հայտարարել, որին մասնակցելու հայտ է ներկայացրել միայն «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն, որն էլ և հաղթող է ճանաչվել։
«Հետք»–ի փոխանցմամբ՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է ընդամենը երկու ամիս առաջ՝ 2021թ․ սեպտեմբերի 16-ին։ Պետական գրանցումից մեկ ամիս անց ընկերությունը հայտ է ներկայացրել Կոտայքի մարզի հանրային տրանսպորտն ամբողջությամբ սպասարկելու համար։ «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի 100 % բաժնեմասը պատկանում է Գագիկ Ծառուկյանի ավագ որդուն՝ Նվեր Ծառուկյանին, իսկ ընկերության տնօրենն Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Դալլաքյանն է։
«Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ին Կոտայքի մարզի միասնական երթուղիների սպասարկման իրավունք է տրվել 10 տարի ժամկետով։
Սահմանվել են նաև մեկ ուղևորի համար նախատեսված փոխադրավարձերը, օրինակ՝ Հրազդան-Երևան՝ 700 դրամ, Չարենցավան-Երևան՝ 500 դրամ, Եղվարդ-Երևան, Նոր Հաճն-Երևան՝ 300 դրամ։