«Մտահոգված ենք այն իրավիճակով, որը ստեղծված է Վերին Լարսում». Վահան Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ զբոսաշրջությունը բավականին առույգ է, դեպի Հայաստան տարբեր երկրներից՝ Ռուսաստանից, Իրանից, եվրոպական երկրներից մի քիչ ավելի քիչ են, բայց այնուամենայնիվ զբոսաշրջիկների լավ հոսք կա։
«Զբոսաշրջության ոլորտում մենք ակտիվ աշխատում ենք, մի քանի ամիս առաջ նշանակվեց Զբոսաշրջության կոմիտեի նոր նախագահ, որը երկար տարիներ աշխատել է Կանադայի խոշոր ընկերություններում որպես մարքետինգի մասնագետ։ Կարծում եմ՝ այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում այսօր զբոսաշրջության ոլորտում, մեծ ազդեցություն կունենան մոտ ապագայում արդեն։
Նախորդ տարի մենք մոտ 3 մլրդ դրամի ներդրումներ ենք արել զբոսաշրջային ենթակառուցվածքների մեջ, նախանցած տարվա 1 միլիարդի համեմատ, և այս տարի հույս ունենք, որ այդ թիվը կրկին կտրուկ կմեծանա։ Հաջորդ տարիների համար մենք պլանավորում ենք խոշոր ներդրում անել զբոսաշրջային ենթակառուցվածքների մեջ»,- նշեց Վահան Քերոբյանը։
Խոսելով Լարսի անցակետում տիրող իրավիճակից, որտեղ բազմաթիվ բեռնատարներ չեն կարողանում տեղ հասնել և իրացնել բեռնված ապրանքը, Վահան Քերոբյանն ասաց, որ իսկապես շատ մտահոգ են Վերին Լարսի անցակետում առկա իրավիճակով։
«Կարելի է ասել, որ օրական մի քանի ժամ ես և իմ գործընկերները զբաղվում ենք այդ անցակետի հետ կապված հարցերով, և ոչ միայն ես, այլև ՊԵԿ-ը, Արտգործնախարարությունը, Տարածքային կառավարման նախարարությունը։ Կարելի է ասել, որ մեր ռուս գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք և տեսնում ենք, թե ինչպես են իրենք ջանում, որպեսզի Լարսում առաջացած բեռների կտրուկ աճի հարցը լուծվի։
Այդուամենայնիվ հասկանալի է, որ արտահանողների համար շատ ծանր խնդիր է և մենք մի քանի ուղղություններով աշխատում ենք, որպեսզի թեթևացնենք այդ բեռը։ Գիտեք, որ լաստանավի վերաբերյալ որոշումն արդեն կայացվել է, և ինչպես պլանավորել ենք, պետք է գործի լաստանավային հաղորդակցությունը Վրաստանի և Ռուսաստանի միջև, որը թույլ կտա, որպեսզի մենք որոշակի բեռների առումով էապես թեթևացնենք փոխադրումը։ Կառավարությունը դրա համար հատկացրել է մոտավորապես 2,5 մլրդ դրամ՝ առաջիկա 6 ամիսների սուբսիդավորման համար»,- նշեց Վ. Քերոբյանը։
Նախարարը նաև տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ խորհրդակցել է ռուս գործընկերների հետ, պլանավորել են հունիսի 11-ին հանդիպել նաև Վերին Լարսում՝ միասին հասկանալու, թե ինչ հնարավորություններ ունեն ավելի արագացնելու Լարսի թողունակությունը։
Նա նաև հավելեց, թե չնայած եղած բարդություններին, ապրիլին Հայաստանում արտահանման 20 տոկոս աճ է գրանցվել։