Ռադիկ Մարտիրոսյանն Անդրեաս Ղուկասյանին այցելելու իմաստ չի տեսնում
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը չի հանդիպել ու չի զրուցել արդեն մի քանի օր շարունակ ԳԱԱ դիմաց հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի հետ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:
«Նա մեր շենքի մոտ չի նախ, մեր շենքի առաջին մայթում է, և նա մեզ հետ ոչ մի կապ չունի և չի էլ ունեցել, և ես նրա հետ ոչ հանդիպել եմ, ոչ զրուցել եմ»:
Հարցին, թե Դուք՝ որպես մտավորական, քաղաքացի արդյոք ցանկություն չունե՞ք զրուցելու հացադուլ հայտարարած թեկնածուի հետ, իմանալու նրա մտահոգությունների մասին, ԳԱԱ նախագահը պատասխանեց. «Չէ´, նրա մտահոգությունները լսել եմ թերթերից, էլ ի՞նչ կարիք կա, որ ես գնամ: Դուք կարծում եք՝ նա մտավորակա՞ն է: Ես այդպիսի անհրաժեշտություն չեմ տեսնում, ես լրատվական միջոցներից ծանոթ եմ նրա ասածներին, մյուսների ասածներին ծանոթ եմ, կարիք չկա, որ ես նորից գնամ: Ի՞նչ իմաստ ունի»:
Ռադիկ Մարտիրոսյանն ասաց նաև, որ ինքը ցանկություն չունի Անդրեաս Ղուկասյանին՝ հացադուլը դադարեցնելու մասին կոչ անել. «Չէ´, դե եթե ուրիշներն անում են, կանեն էլի, արել են, նրա քայլի իմաստը չեմ տեսնում: Ինքը գրագետ մարդ է, հասու, երևի ինքն իր խնդիրն ունի»: Նա նաև նշեց, թե չի կարող ասել՝ հացադուլն արդյունավե՞տ է, թե՞ ոչ:
Ի դեպ, Ռադիկ Մարտիրոսյանի գնահատմամբ՝ նախընտրական քարոզարշավը նորմալ է անցնում, իսկ նախագահի թեկնածուներից ֆավորիտն, ըստ նրա, գործող նախագահ Սերժ Սարգսյանն է: