«Իմ պայքարը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ եղել է գաղափարական». Ա.Հարությունյան
Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը լրագրողների հետ նախորդ հանդիպման ժամանակ ներկայացրել էր իր մաքսիմում ծրագիրը, այն է՝ Սերժ Սարգսյանի ինքնաբացարկի պահանջը, սակայն այսօր նա նշում էր, որ բարեփոխումներ կարելի է անել նաև մինիմում ծրագրի իրականացման դեպքում:
Արամ Հարությունյանը դա պատկերացնում է հետևյալ կերպ. խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը համագործակցում են միմյանց հետ, Սերժ Սարգսյանը ցուցաբերում է բարի կամք, երեք ամիս անընդմեջ խորհրդարանի աշխատանքները բոյկոտվում են, Ազգային ժողովը լուծարվում է, նոր խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, իսկ նոր ԱԺ-ում, բնականաբար, ՀՀԿ-ն մեծամասնություն չի լինում:
Նախագահի թեկնածուն համոզված է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները հնարավորություն կտան արտահայտվել ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին և ՀԱԿ-ին, ովքեր չեն մասնակցում նախագահի այս ընտրություններին:
«Դա հնարավորություն է տալիս նաև այն երեք ուժերին, ովքեր պասիվ հանգստի մեջ են, ասել իրենց խոսքը, որովհետև իրենց համար ամենավատ տարբերակը լինելու է այն, որ այս ընտրությունները դեկորատիվ կերպով համարվեն մրցակցային»,- նշեց Արամ Հարությունյանը:
Նախագահի թեկնածուն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նաև, որ համագործակցություն ստեղծելու նպատակով ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի հետ հանդիպումներ է նախատեսել և արդեն նախնական զանգեր եղել են:
168.am-ի այն դիտարկմանը, թե տպավորություն է ստեղծվում, թե Արամ Հարությունյանն ավելի շատ մտահոգված է ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի չառաջադրվելով, նախագահի թեկնածուն հայտարարեց, թե ինքը մտահոգված է ժողովրդի համար: Արամ Հարությունյանը շեշտեց, թե ինքն ափսոսում է, որ նաև ՀԱԿ-ը թեկնածու չառաջադրեց:
Նախագահի թեկնածուն պարզաբանեց նաև, թե ինչու ինքն այլևս չի քննադատում Լևոն Տեր-Պետրոսյանին, այն դեպքում, երբ 1991-2008թթ. նրա հիմնական քննադատողներից մեկն էր: «Իմ պայքարը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ եղել է գաղափարական հատկապես Ղարաբաղի հարցում, բայց, փառք Աստծո՝ Լևոն Տեր-Պետրոսյանն այդ թեմայով էլ չի խոսել: Ես կուզեի, որ ինքը լիներ թեկնածու, չգնար էդպես, չլիներ էդպես, որ իր առաքելությունը Բագրատյանին, Նիկոլին, Արամ Մանուկյանին, Լյուդմիլա Սարգսյանին, Լևոն Զուրաբյանին, Ջհանգիրյանին պատգամավոր դարձնելն էր»,- պարզաբանեց Արամ Հարությունյանը: