Թուրքիայի և Հայաստանի ուսանողական խորհուրդները համագործակցության արձանագրություն են ստորագրել
Թուրքական Hurriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ հունվարի 21-ին Թուրքիայի և Հայաստանի ուսանողական խորհուրդները արձանագրություն են ստորագրել: Արձանագրության հիմնական նպատակը Թուրքիայի և Հայաստանի համալսարանների միջև գիտական հետազոտությունների և համագործակցության զարգացմանը, ինչպես նաև ուսանողների փոխանակմանը խթանելն է:
Արձանագրությունը Թուրքիայի ուսանողական խորհրդի և Հայաստանի ազգային ուսանողական ասոցիացիայի կողմից ստորագրվել է Ստամբուլի Գալաթասարայ համալսարանում կազմակերպված ֆորումի ժամանակ և համարվում է էական քայլ՝ երկու երկրների միջև սառույցի կոտրման ուղղությամբ:
Թուրքիայի ուսանողական խորհրդի նախագահ Նիհաթ Բուղրա Աղաօղլուն հայտարարել է, որ իրենք հավատում են որոշ արգելքների վերացվելուն, և կարծիք է հայտնել, որ խնդիրները ծագում են երկխոսության բացակայությունից:
Անդրադառնալով այն տեսակետին, որ Հայոց ցեղասպանությունը, լինելով ցավոտ ու նուրբ հարց երկու երկրների համար, կարող է Թուրքիա մեկնող հայ ուսանողների համար ցանկալի հետազոտությունների թեմա դառնալ՝ Աղաօղլուն հայտարարել է, որ չի կարծում, թե դա որևէ խնդիր կառաջացնի՝ դրա հետ մեկտեղ հավելելով, որ իրենք չեն ցանկանում քննարկել անցյալի դեպքերը: