Իրանական «Բասիջը» անցկացնելու է լայնամասշտաբ զորավարժություններ
IRIB News-ի փոխանցմամբ՝ իրանական «Բասիջ» կամավորական ջոկատներն (աշխարհազորայիններ) անցկացնելու են լայնամասշտաբ զորավարժություններ, որոնք ստացել են Beytul Mugaddas անունը: «Բասիջի» փոխհրամանատար, գնդապետ Նասրաթոլլահ Սաիֆի խոսքերով՝ տվյալ զորավարժություններում «Բասիջի» 10 գումարտակներ գործելու են որպես արագ արձագանքման ջոկատներ:
Լրագրողների հետ զրույցում Սաիֆն ընդգծել է, որ այդ զորավարժությունների շրջանակներում իրականացվելու են այլ մանևրներ ևս, ինչպիսիք են օրինակ փրկարարական գործողությունները: Սաիֆը հավելել է, որ զորավարժությունները տևելու են երկու օր. «Զորավարժությունների ժամանակ «Բասիջի» գումարտակներին աջակցելու է Հորմուզգան նահանգի առափնյա պաշտպանությունը:
Մի շարք վարժանքներ անցկացվելու են գիշերը: «Բասիջի» ուժերը մոբիլիզացվել են պոտենցիալ թշնամիների սպառնալիքներին դիմակայելու համար և ունակ են արձագանքել անսպասելի իրավիճակներին: Ավելի վաղ այդպիսի զորավարժություններ անցկացվել են Իրանի 21 նահանգներում: Մոտ ժամանակներս երկու միլիոն իրանցի հատուկ նախապատրաստություն կանցնեն ճամբարներում, որպեսզի հետագայում կարողանան միանալ «Բասիջի» ուժերին»:
Հիշեցնենք, որ «Բասիջը» ստեղծվել է 1979 թվականին՝ Իսլամական հեղափոխության առաջնորդ, այաթոլահ Խոմեյնիի հրամանով: «Բասիջը» ենթարկվում է Իսլամական հեղափոխության պահակազորին: Նշվում է, որ իրանցի պետծառայողների մոտ կեսը հանդիսանում է «Բասիջի» անդամ: