«Սենց որ գնա, վաղը բնական կարիքներն էլ խցիկների ուղեկցությամբ կբավարարի» (տեսանյութ)

«Ժառանգության» առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին երկու օրերի PR քայլերը լուրջ քննարկման առարկա են դարձել: Ոմանց օրիգինալ այդ քայլերը դուր են գալիս, ոմանք ծաղրում են, ոմանք պարզապես հետաքրքիր են համարում: «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի եթերում Րաֆֆի Հովհաննիսյանը հաստատել էր այն լուրերը, որ իրեն քարոզարշավի ընթացքում PR հարցերով կամավոր կերպով աջակցելու է  որդու` Կարինի ԱՄՆ-ի ընկեր Լևոն Բաղրամյանը (մարշալ Հովհաննես Բաղրամյանի զարմիկն է):

Հաղորդաշարի ընթացքում Լ. Բաղրամյանի մասին Ր. Հովհաննիսյանն ասաց, որ շնորհալի այդ երիտասարդը որոշել է մեկ ամսով գալ և օգնել իրեն քարոզարշավի ընթացքում, քանի որ նա փորձառություն ունի Վաշինգտոնի կոնգրեսական միջավայրում և մասնակցել է ԱՄՆ նախագահի նախընտրական արշավներին:

Heritage Party leader Raffi Hovhannisyan continues his presidential campaign

Րաֆֆի Հովհաննիսյանն այս օրերին այցելում է հասարակական տարբեր վայրեր՝ շփվում է, բարևում է ձեռքով, զրուցում է… Հատկապես շատերի կողմից քննադատական վերաբերմունքի է արժանացել Ր. Հովհաննիսյանի՝ Էրեբունի համայնքում պատահական վարսավիրանոցում մազերը հարդարելու որոշումը՝ լրագրողների, տեսախցիկների ուղեկցությամբ: Վարսավիր Արշակին դիմելով՝ Ր Հովհաննիսյանն ասում է.  «Ուստա՛ Արշակ, գիտե՞ս, որ 4-րդ նախագահի մազերն ես կտրում»:

Կարդացեք նաև

Ֆեյբուքը ևս ողողված է տարաբնույթ մեկնաբանություններով: Օրինակ, PR և Հանրային կապերի մասնագետ Տիգրան Հակոբյանը Ր. Հովհաննիսյանի՝ վարսավիրանոցում նկարը տեսնելով՝ գրել է. «Перебор:((( Սենց որ գնա, վաղը բնական կարիքներն էլ խցիկների ուղեկցությամբ կբավարարի: Քաղաքական գործունեությունն ու պայքարը չի կարելի վերածել սեփական անձի շուրջ մի անվերջ հրապարակային պտույտի»:

Մեկ այլ օգտատեր գրել է.  «Ամեն ինչ ջրիկանում է, ու վատը նա է, որ ում որոշակիորեն հարգում ես՝ մի օր ստիպում է, որ շեշտակի հիասթափվես իր արարքից, լրիվ դարձել է շոու…»:  Մեկ ուրիշը, թե՝ «Ոչ մի քաղաքական լրջություն չկա: Ոնց որ ձեռ առնեն նախագահական ընտրություները»:

Տեսանյութն՝ aravot.am

Տեսանյութեր

Լրահոս