«Արցախցին շատ լավ գիտակցում է՝ Հայաստանը Նիկոլը չէ, հայաստանցին ձեռքերը չի լվացել Արցախից». Շարմազանով
Բազմաթիվ արցախցիներ են մոտենում, զրուցում ենք, քննարկում ենք: Ունեցել ենք նաև հանդիպումներ Արցախի գրեթե բոլոր քաղաքական ուժերի և խորհրդարանական ղեկավարության հետ:
Այս մասին Ստեփանակերտում 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
«Եվ քաղաքացիները, և քաղաքական էլիտան ունի հստակ մի դիրքորոշում, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, և իրենց համար ընդունելի չէ Հայաստանի պարտվողական իշխանության կապիտուլյանտ քաղաքականությունը»,- ասաց նա:
Ըստ քաղաքական գործչի՝ ժողովրդի մոտ կա երկու կարծիք՝ մեծ մասն ընդվզման կողմնակից է, և հարց է տալիս՝ երբ ենք փողոց դուրս գալիս, ինչ պիտի անենք, մյուս մասը սպասում է քայլեր Երևանից:
«88-ին էլ է այդպես եղել: Այստեղից սկսվել է շարժումը, Երևանում եղել է սատարումը: Արցախցին գիտի, որ ոչ թե Հայաստանն է ձեռքերը լվացել Արցախից, այլ Հայաստանի կապիտուլյանտ ղեկավարությունը: Հայաստանը, հայ ժողովուրդը Արցախից ձեռքերը չի լվացել ու չի լվանալու: Հայաստանն ու հայ ժողովուրդը մի բան են, Նիկոլ Փաշինյանն ու իր կապիտուլյանտների խունտան՝ մեկ այլ բան: Արցախցին շատ լավ գիտակցում է՝ Հայաստանը Նիկոլը չէ: Մենք պետք է ապացուցենք, որ Արցախի կողքին ենք»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Վերջինս նկատեց՝ երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է բյուջեից Արցախի հատկացումների ավելացումների մասին, մոռանում է նշել, թե ինչի արդյունքում են ավելացել այդ հատկացումները:
«Շուշի ու Հադրութ ես տվել, մարդիկ ապրելու տեղ չունեն, փող ես տալիս, որ տուն սարքեն: Էդ մարդկանց տունը չկորցնեիք, չտայիք՝ թուրքերն էսօր ապրեին, էդ մարդկանց կյանքերը չզոհեիք, չտայիք: Դուք գերեզման սարքելու, մարդկանց համար տներ սարքելու փող եք տվել: Ու գլուխ ես գովում, որ փող ես տվել Արցախի՞ն: 100-ից ավելի դպրոցներ, այդքան մանկապարտեզներ թողել եք թուրքին, մի հատ էլ խոսում եք, որ Արցախի փողը կարող եք կտրել կամ պակասեցնե՞լ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նա կրկին պնդեց՝ սա միայն արցախցու խնդիրը չէ, սա համայն հայության խնդիրն է, և հայ ժողովուրդը պիտի ապացուցի՝ ձեռքերը լվանո՞ւմ է Արցախից, թե՞ ոչ:
«Արցախը մեզ համար ունի նույն նշանակությունը, ինչ Երուսաղեմը՝ հրեաների: Կգիտակցենք, ուրեմն հայ ապրելու իրավունք կունենանք, չենք գիտակցի, ուրեմն չենք ունենա: Հույները չգիտակցեցին ու կորցրին Կոստանդնուպոլիսը: Մեր Երուսաղեմն ու Կոնստանդնուպոլիսը Շուշին է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: