Բաժիններ՝

Իմ նպատակներից մեկն էր. Մալխաս Ամոյան

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը վերադարձել է Բուդապեշտից, որտեղ մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը: Հին աշխարհամասի առաջնությանը 7 ըմբիշով ներկայացած մեր հավաքականը 4 մեդալ է նվաճել և թիմային հաշվարկով զբաղեցրել 5-րդ հորիզոնականը:

Ինչպես փոխանցում է ԿԳՄՍ-ն, Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանին, բրոնզե մեդալակիրներ Ռուդիկ Մկրտչյանին, Գևորգ Ղարիբյանին և Սլավիկ Գալստյանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, մարզիկների ընկերներն ու հարազատները: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ 7 մարզիկով 4 մեդալ նվաճելն ու թիմային 5-րդ տեղը զբաղեցնելը բավականին գոհացնող արդյունք է. «Շատ ուրախալի է հատկապես Մալխաս Ամոյանի՝ նոր քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելը: Մյուս ըմբիշներն էլ լավ մասնակցեցին:

Մալխասը բարձրացել է օլիմպիական քաշ և առանց մրցումների մասնակցելու, հենց առաջին փորձից դարձել է Եվրոպայի չեմպիոն: Շատ գովելի է: Սա լուրջ հայտ է՝ այդ քաշային կարգում աշխարհի առաջատարը դառնալու համար»:

Ամփոփելով Բուդապեշտում անցկացված Եվրոպայի առաջնությունը՝ 77 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակված Մալխաս Ամոյանը խոստովանել է՝ շատ բարդ ճանապարհ է անցել այս տիտղոսը նվաճելու համար. «Սա իմ նպատակներից մեկն էր: Հավաքականի մարզիչների, իմ անձնական մարզիչների, հորեղբայրներիս, ինձ հետ մարզվող ընկերների շնորհիվ կարողացա նվաճել այս չեմպիոնությունը, որը շատ սպասված էր ինձ համար։ Փառք Աստծո, ստացվեց։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ինձ աջակցողներին, իմ երկրին, հայ ու եզդի ազգերին, ովքեր միշտ իմ կողքին են եղել։ Մեծ հաղթանակները տրվում են շատ թանկ գնով»:

Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ այն, ինչ Ամոյանը կատարում է գորգում, ապացուցում է, որ ինքը շատ բարձր կարգ ունեցող ըմբիշ է և շատ լուրջ հաջողությունների հասնելու հավակնություններ ունի: Կարեն Գիլոյանը նաև նշել է՝ այժմ պետք է ամեն ինչ անել աշխարհի առաջնությանը լավ նախապատրաստվելու և արժանի մասնակցություն ունենալու համար. «Հավաքականի կազմում ունենք ըմբիշներ, ովքեր վնասվածքներ ունեն: Նրանք պետք է շարունակեն վերականգնումը, իսկ մյուս տղաները՝ փորձեն հիմնավորվել նոր քաշային կարգերում: Գնում ենք դեպի աշխարհի առաջնություն: Պետք է լավագույնս պատրաստվենք»:

Հիշեցնենք՝ Եվրոպայի առաջնությունը վնասվածքի պատճառով բաց է թողել օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Ավելի վաղ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն էլ 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել Հունգարիայում կայացած Եվրոպայի առաջնությունում: Ըմբշամարտի աշխարհի 2022 թվականի առաջնությունը կանցկացվի սեպտեմբերին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս