Ի՞նչ օրակարգով էին Էդուարդ Աղաջանյանը, Մարիա Կարապետյանը և Սարգիս Խանդանյանը գործուղվել Գորիս

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է հատուկ կարգադրություն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին, իշխանական մյուս պատգամավորներ Մարիա Կարապետյանին և Սարգիս Խանդանյանին, ինչպես նաև ԱԺ աշխատակազմի մի քանի աշխատակցի ապրիլի 2-3-ը, այսինքն՝ շաբաթ-կիրակի ոչ աշխատանքային օրերին, Գորիս գործուղելու մասին:

ԱԺ նախագահը կարգադրությունը ստորագրել է ապրիլի 1-ին, խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակվել է այսօր՝ ապրիլի 5-ին, որտեղից տեղեկացել է 168.amը:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.

Աշխատանքային այցով 2022 թվականի ապրիլի 2-3-ը Գորիս (Հայաստանի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավորներ Մարիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ և Սարգիս ԽԱՆԴԱՆՅԱՆԻՆ, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Թամարա ՇԱՀԲԱԶՅԱՆԻՆ, Ազգային ժողովի արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Էդուարդ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ և նույն վարչության անձնագրային սպասարկման բաժնի կրտսեր մասնագետ Էրիկ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը և գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման և գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները»։

168.amԳորիսի համայնքապետի օգնական Կարեն Քոչարյանից հետաքրքրվեց, թե իշխանական պատգամավորները հանդիպե՞լ են համայնքի ղեկավարության հետ և ի՞նչ հարցեր են քննարկել։

«Այս հարցի հետ կապված՝ ես որևէ բանով ձեզ չեմ կարող օգնել, իսկապես ոչինչ ասել չեմ կարող»,- նշեց նա։

Իսկ Գորիսի համայնքապետի առաջին տեղակալ Արտյոմ Աղաջանյանն էլ փոխանցեց, որ եթե խոսքը վերաբերում է շաբաթ օրվա այցի մասին, ապա ինքը տեղեկացված չէ որևէ բանից, քանի որ առողջական խնդիրների պատճառով գտնվել է Երևանում։

Տեսանյութեր

Լրահոս