Լրացավ Ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների 6-րդ տարին

Ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների 6-րդ տարին է այսօր: Ուղիղ 6 տարի առաջ՝ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության նկատմամբ լայնածավալ հարձակում սկսեց շփման գծի ողջ երկայնքով՝ կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:

Ապրիլի 2-5-ն առավել թեժ մարտեր ընթացան ռազմաճակատի վերածված առաջնագծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով։

Հակառակորդը հարվածներ էր հասցնում նաև խաղաղ բնակավայրերին և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին։ Արցախի ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր էին մղում՝ հակառակորդին հասցնելով՝ ինչպես տեխնիկայի, այնպես էլ՝ կենդանի ուժի լուրջ կորուստներ:

Ապրիլի 2-ին ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց:

Պատերազմի հենց առաջին օրն ադրբեջանական վայրագությունների զոհ գնացին տարեց Խալափյան ամուսինները, ովքեր գտնվում էին Թալիշի իրենց տանը:

Ապրիլի 3-ին ադրբեջանական կողմը թեև հայտարարություն էր տարածել, որ միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն շարունակել է մարտական գործողությունները և Մարտակերտի խաղաղ բնակիչների հրետակոծումը: Նույն օրն Արցախի Պաշտպանության բանակը հայտնել էր, որ հայկական ստորաբաժանումները հայկական Թալիշ գյուղի ուղղությամբ հետ են վերցրել նախորդ օրը կորցրած կարևոր հենակետերից մեկը:

Ագրեսիվ ռազմական գործողությունները շարունակվել են նաև ապրիլի 4-ին:

Ապրիլի 5-ին՝ 12:00-ի դրությամբ, հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները։ Զինադադար հայտարարելու համար ընթանում էին բանակցային գործընթացներ: Նույն օրը Վիեննայում հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով:

Ապրիլի 6-ին ագրեսիվ մարտական գործողությունները դադարեցվեցին, թեև դեռ օրեր շարունակ ադրբեջանական կողմը խախտում էր հրադադարի ռեժիմը:

Փաստ է, որ ռազմական գործողությունները դադարեցվել են ՌԴ միջնորդությամբ, ադրբեջանական կողմի խնդրանքով:

Ապրիլի 2-5-ը հայկական կողմի կորուստների թիվը կազմում է 75 մարդ՝ 61 զինծառայող, որոնցից կեսը՝ սպաներ, 12 աշխարհազորային, 2 պահեստազորային:

Վերջնական տվյալներով` հայկական կողմից ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 110 և վիրավորվել 121 զինծառայող և կամավորական: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կորուստներին, ապա, ըստ որոշ տեղեկությունների, զոհերը կազմել են շուրջ 800 մարդ:

Քառօրյա ռազմական գործողությունների արդյունքում հակառակորդին հաջողվել է մարտագծի հարավային թևում տիրել 1500 մ լայնությամբ և 450մ խորությամբ բնագծի (67,5հա) կամ զբաղեցնել 6 մարտական դիրք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ վերահսկողության տակ առնել 4300մ լայնությամբ և 1000մ խորությամբ առաջնագիծ (430հա) կամ՝ 13 մարտական դիրք: Ընդհանուր առմամբ, չորսօրյա ինտենսիվ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը գրավել էր 19 դիրք, կամ մակերեսային միավորով արտահայտված՝ շուրջ 500 հեկտար տարածք:

Տեսանյութեր

Լրահոս