ՔՊ-ականները «շրջապատել» են Ուրցաձորի ընտրատեղամասերը

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում այսօր համայնքի ղեկավար են ընտրում: Ընտրություններին մասնակցում են երկու ուժ՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը կազմված է 81 թեկնածուից․ ցուցակը գլխավորում էՔՊ-ական, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, Փաշինյանի սանիկ և մտերիմ Գարիկ Սարգսյանը։

«Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակում ընդգրկված են ավագանու 80 թեկնածուներ․ ցուցակը գլխավորում է «Իմ հզոր համայնք» կուսակցության ներկայացուցիչ Սպարտակ Թարթիկյանը։ Ավագանու թեկնածուներից 65-ը նույնպես ներկայացնում են «Իմ հզոր համայնքը», 2 թեկնածու ներկայացնում է ՀՀԿ-ն, 1-ը՝ ՀՅԴ-ն, մնացած 11-ն անկուսակցական են։

Խոշորացված համայնքում է ընդգրկվում նաև Ուրցաձորը:

Այստեղ առկա է 2 ընտրական տեղամաս՝ N 13/24 և N 13/25:

168.am-ի տեսախցիկը վաղ առավոտից Ուրցաձորի ընտրատեղամասերի մոտ կուտակումներ է ֆիքսել՝ թե՛ մարդկանց, թե՛ ավտոմեքենաների: Ընդ որում, ավտմեքենաներում ևս քաղաքացիներ կան, որոնք, ըստ երևույթին, հետևում են ընտրատեղամասեր ժամանող քաղաքացիների հոսքին:

168.am-ի տեղեկություններով՝ ընտրատեղամասերը «շրջապատած» անձինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակիցներն են:

Ավելին՝ ավագանու ՔՊ-ական թեկնածու, Ուրցաձոր վարչական բնակավայրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի (ԺՊ) ամուսինը:

Տարածքում գտնվողներից մեկն էլ պարբերաբար հանդիպում է ընտրական տեղամասերից դուրս եկող ՔՊ-ի վստահված անձանց հետ ու զանգեր կատարում:

Մի պահ լարված իրավիճակ առաջացավ, ՔՊ-ականներն ընտրատեղամասի դիմաց հարձակվեցին «Իմ հզոր համայնք» կուսակցության վստահված անձի վրա:

Հիշեցնենք, որ Վեդիում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին անցկացվել էին ՏԻՄ ընտրություններ․ «Իմ հզոր համայնք» կուսակցության օգտին քվեարկել էր 8 666 մարդ, ՔՊ-ի օգտին՝ 7 690 մարդ. «Հանրապետություն» կուսակցության օգտին քվեարկել էր 3299 ընտրող։ Ընտրություններին մասնակցած որևէ քաղաքական ուժ չէր կարողացել հաղթահարել և հավաքել անցողիկ՝ 50+1% շեմը, ինչը նշանակում է, որ չէր կարող ինքնուրույն համայնքապետի թեկնածուին ընտրել՝ առանց այլ ուժի հետ կոալիցիա կազմելու: Կոալիցիա այդպես էլ չկազմվեց, փոխարենը՝ դեկտեմբերի 16-ին ավագանու «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամներն ինքնաբացարկ հայտնեցին և հրաժարվեցին մանդատներից,որից հետո էլ հայտարարվեցնոր ընտրություններ անցկացնելու մասին։

Ի դեպ, Վեդի խոշորացված համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների համար Կառավարության պահուստային ֆոնդից օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը 10 միլիոն դրամ էր հատկացրել ՀՀ Ոստիկանությանը։

Հիշեցնենք նաև, որ Արարատի մարզի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանն է այժմ Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը, որը նոր պաշտոնը ստանձնելուց հետո միանգամից որոշել էր ազատվել իր հրաժարականը պահանջած համայնքապետերից և Վեդի խոշորացված համայնքի 16 գյուղերում վարչական նոր ղեկավարներ էր նշանակել։

Ուշագրավ է, որ մարտի 27-ին կայանալիք ընտրություններից առաջ, մասնավորապես, մարտի 2-ին և 3-ին, Գարիկ Սարգսյանի որոշմամբ 10-ից մինչև 40.000-ական դրամներ էր բաժանվել Վեդի համայնքի տասնյակ բնակիչների՝ որպես սոցիալական օգնություն։

Համեմատության համար հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ևս ընտրություններից առաջ անապահովներին գումար էր բաժանել, բայց դա իշխանությունը որակել էր ոչ թե աջակցություն՝ անապահովներին, այլ՝ ընտրակաշառք, և դրա հիմքով Առուշանյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, 2021 թվականի հուլիսից էլ զրկվել է ազատությունից և առ այս պահը կալանավայրում է։

Փաստորեն, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Առուշ Առուշանյանի կողմից անապահովներին բաժանած գումարը ընտրակաշառք էր, իսկ իր սանիկ Գարիկ Սարգսյանի բաժանածը՝ ո՞չ:

Տեսանյութեր

Լրահոս