Ինչ-որ դիջեյներ և թրքահպատակներ խոսում են Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին. Նաիրա Զոհրաբյան
Ազգային ժողովի նիստերի դահլիճում «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանական լսումներ էին անցկացվում, թեման «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում» առաջարկվող փոփոխությունների նախագիծն էր: Հեղինակը՝ Հայկ Մամիջանյանը, առաջարկում է, որպեսզի արտաքին գործերի նախարարը՝ տարեկան չորս, իսկ վարչապետը երկու անգամ Ազգային ժողով ներկայացնեն զեկույց՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականության համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում ընթացող գործընթացների, վարվող բանակցությունների և ձեռք բերված կամ հնարավոր պայմանավորվածությունների վերաբերյալ:
Այսօրվա լումներին չէին մասնակցում իշխանական պատգամավորներից որևէ մեկը, բայց ներկա էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքական-հասարակական գործիչներ։
Խորհրդարանական լսումներին ներկա էր նաև ԱԺ նախկին պտգամավոր, քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը, որն իր ելույթում անդրադարձավ Կառավարության որդեգրած՝ կարևորը երկրորդականից չտարբերելու քաղաքականությանը, երբ գործադիր մարմինն ու նրա ղեկավարը տարածաշրջանում, Արցախում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնի վրա ռազմավարական այնպիսի հարցերի են առաջնահերթություն տալիս, ինչպիսին, օրինակ, «վարչապետի գավաթ»-ի շրջանակներում սեղանի թեինիսի մրցաշարն է․
«Օրեր առաջ Չարենցավանում տեղի ուենցավ սեղանի թենիսի մրցաշար, և Նիկոլ Փաշինյանը շատ կարևոր հայտարարություն արեց, մեջբերում եմ բառացի՝ «Այս մրցաշարերը մեզ համար ունեն կարևոր նշանակություն, օգնում են, որ Կառավարության ծրագրում արձանագրված ռազմավարական նպատակները կյանքի կոչվեն, և մենք ամեն ինչ անելու ենք մեր ռազմավարական նպատակների իրագործման ուղղությամբ, այն է՝ առողջ ապրելակերպ»։
Նաիրա Զոհրաբյանը որպես կանխատեսում՝ հայտարարեց, որ Կառավարության հաջորդ ռազմավարական թիրախը լողի և պտտաձողի վրա ձգումների մրցաշարերն են լինելու, որոնք ամռանը կանցկացվեն։
Վերադառնալով լսումների թեմային, Նաիրա Զոհրաբյանը շեշտեց՝ Արցախում հումանիտար ճգնաժամ էր, սակայն թե՛ Հայաստանի իշխանությունը, թե՛ միջազգային հանրությունը մեծապես թքած ունեին․
«Ես նոր եմ վերադարձել Ֆրանսիայից, որտեղ ամեն փողոցում կպցրած էր տաբլո՝ օգնել Ուկրաինայի հումանիտար ճգնաժամին, և երբ իրենց պաշտոնյաների մոտ խնդիր ես բարձրացնում՝ բա դուք ինչո՞ւ էիք լռում, երբ Արցախում օգտագործում էին քիմիական զենք, սպիտակ ռումբ, նրանք ոչինչ չտեսնող հայացքով նայում էին քեզ․․․
Ադրբեջանը կրկին սպառնում է: Երեկ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ օրիորդը կամ կինը հայտարարեց՝ էս Հայաստանը ոնց որ հետևություններ չի՞ անում 44-օրյա պատերազմից։ Իսկ ի՞նչ հետևություն պետք է անի Հայաստանը։ Խոսվում է խաղաղության պայմանագրի մասին․․․ Ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին կարող է խոսք լինել, և ընդհանրապես հիմա իրենք փորձում են Օվերտոնի պատուհանի սկզբունքով շրջանառության մեջ դնել ամենավտանգավոր թեզը՝ այս կամ այն կարգավիճակով Արցախը Ադրբեջանի կազմում․ և՛ իրենց պաշտոնյաները, ինչ-որ դիջեյներ կամ թրքահպատակներ փորձում են տարատեսակ, լղոզած ձևակերպումներով՝ դե պիտի քննարկվի, դե պիտի նայենք․․․
Որևէ կարգավիճակով, կլինի դա մշակութային ինքնավարություն, կլինի դա որևէ կարգավիճակ, Արցախը Ադրբեջանի կազմում նշանակելու է՝ ցեղասպանություն, Արցախասպանություն․․․»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հիշեցնելով Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավորի խոսքը, թե՝ անվտանգ արցախցին մեռած արցախցին է։
«Կարծում եմ, որ Արցախը վերջնականապես կորցնելու հետհաշվարկը սկսված է, մենք հապաղելու ժամանակ չունենք, կոնկրետ գործողություններ են պետք, կոնկրետ քայլեր են պետք․․․»,- եզրափակեց Զոհրաբյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում