Ահարոն Խաչատրյանը երդվեց. Վարդենիս համայնքը նոր ղեկավար ունի

Վարդենիս խոշորացված համայնքի ավագանին այսօր 11:00-ին նիստ էր հրավիրել, որի օրակարգում մեկ հարց էր՝ համայնքի ղեկավարի երդմնակալության արարողությունը:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» կուսակցությունները համայնքապետի պաշտոնում առաջադրել էին Ահարոն Խաչատրյանին, իսկ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թեկնածու չէր առաջադրել:

14 կողմ և 13 դեմ ձայների հարաբերակցությամբ ավագանին Ահարոն Խաչատրյանին ընտրեց համայնքապետ: Սակայն պաշտոնը նա պետք է ստանձներ միայն երդմնակալության արարողությունից հետո:

Երդմնակալության արարողությանը ներկա էր Գեղարքունիքի փոխմարզպետ Վահան Զարոյանը:

Հիշեցնենք, որ Վարդենիս խոշորացված համայնքում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո ավագանու 27 մանդատներից 13-ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն են, իսկ մյուս 2 խմբակցությունները միավորվել են և ունեն ընդհանուր թվով 14 մանդատ:

Դեկտեմբերի 30-ին համայնքապետարանում տեղի ունեցավ ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ համայնքի ղեկավար ընտրվեց Ահարոն Խաչատրյանը, սակայն ավագանու ՔՊ-ական անդամները պնդում էին, որ այդ նիստը տեղի է ունեցել օրենքի խախտումով։

Նրանք Ահարոն Խաչատրյանին չեն ընդունում որպես համայնքապետ։ Ավելին, հունվարի 4-ին համայնքապետի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ դրսում՝ համայնքապետարանի շենքի դիմաց, քանի որ նախկին համայնքապետ, ՔՊ-ական Արամ Մելքոնյանը ոստիկաններին հանձնարարել էր ավագանու ընդդիմադիր անդամներին ներս չթողնել։

Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները դատարան հայց էին ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել դեկտեմբերի 30-ի ավագանու ընդդիմադիր անդամների անցկացրած անդրանիկ նիստը, որի ընթացքում համայնքի ղեկավար էր ընտրվել Ահարոն Խաչատրյանը։

Դատարանը փետրվարի 2-ին մասնակի բավարարեց հայցադիմումը։

Տեսանյութեր

Լրահոս