2 միլիարդից ավելի գումար՝ նոր պարեկների համար ավտոմոբիլ, կահավորման և այլ սարքավորումներ ձեռք բերելու համար

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը միաձայն հավանություն տվեց ՀՀ ոստիկանության ներկայացրած ծրագրին՝  2 միլիարդից ավելի գումար հատկացնելու մասին։

Զեկուցող՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ծրագիրը ներկայացնելիս հիմնավորեց, որ  նախագծով նախատեսվող ծախսերի գծով ոստիկանությանն ընթացիկ տարվա բյուջեով միջոցներ հատկացված չեն, քանի որ բյուջեի քննարկումների ժամանակ առկա պահանջարկն ամբողջությամբ հստակեցված չի եղել․

«Նախագծով նախատեսվում է ՀՀ ոստիկանության հատկացումներին ավելացնել 2․035.100.000 (երկու միլիարդ երեսունհինգ միլիոն հարյուր հազար) դրամ։ Մասնավորապես, 289.900.000 դրամ՝ Լոռի և Շիրակի մարզերում նոր ձևավորվող պարեկային ծառայության 140 ավտոմոբիլի ձեռքբերման նպատակով։ 67.200.000 դրամ՝ Լոռի և Շիրակի մարզերում  նոր ձևավորվող պարեկային ծառայության ավտոմոբիլիների կահավորման նպատակով։ 1.670.100.000 դրամ՝ վարչական սարքավորումների ձեռքբերման նպատակով։ Միաժամանակ նախագծի ընդունման դեպքում պայմանագրում կատարվելու է տրանսպորտային միջոցների մատակարարման վերջնաժամկետի փոփոխություն՝ 2022 թվականի մարտի 1-ի փոխարեն՝ սահմանելով համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 20 օր հետո»։

Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ընդգծեց, որ այս գործընթացն իրենց համար շատ կարևոր նշանակություն ունեցող բարեփոխում է, և  ապրիլ ամսվա ընթացքում նոր պարեկային ոստիկանությունը կգործարկվի արդեն Լոռու և Շիրակի մարզերում։ Նա նաև հիշեցրեց, որ Երևանում պարեկային ոստիկանությունը գործարկվել է նախորդ տարվա հուլիսից։

«Պետք է արձանագրել, որ պարեկային ոստիկանության գործունեության արդյունքները գոհացուցիչ են։ Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի արտաքին դիմագծի ամենակարևոր բրենդը ժողովրդավարությունն է, և մենք ըստ էության ձևավորում ենք ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ոստիկանություն․․․ Հաջորդ փուլով պարեկային ոստիկանություն կներդրվի Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում»։

Փաշինյանի փոխանցմամբ՝ պարեկային ոստիկանությունում աշխատանքի հանդեպ հետաքրքրություն է նկատվում՝ մեկ տեղի համար մի քանի հավակնորդ կա: Ապա առիթը բաց չթողնելով՝ հիշեցրեց, թե ովքեր և ինչպես կարող են դիմել պարեկային ոստիկանությունում աշխատանքի անցնելու համար․

«Պարեկային ոստիականությունում ծառայության անցնելու համար պարտադիր չէ նախկինում ոստիկանությունում աշխատած լինելը։ Այսինքն՝ ցանկացած ոք, ընդ որում, դրան ավելացնեմ, որ պարտադիր չէ նաև բարձրագույն կրթություն ունենալը։ Մարդիկ ընդունվում, 5-ամսյա դասընթացներ են անցնում, որակավորման քննություն են հանձնում, դրանից հետո անցնում են աշխատանքի։ Հետագայում էլ պարեկային ոստիկանությունում ծառայողական առաջխաղացում ունենալու համար ոստիկանական ակադեմիայում նորից վերապատրաստում կանցեն, այսինքն՝ մարդկանց առաջ կարիերայի որոշակի հնարավորություն է բացվում»։

Փաշինյանը կոչ արեց, որպեսզի կանայք ևս ակտիվ մասնակցեն այս գործընթացին, ևս մեկ անգամ հիշեցնելով, որ բարձրագույն կրթությունը պարտադիր չէ․

«Ընդ որում, դասընթացների ընթացքում սովորողներին վճարվում է նվազագույն աշխատավարձի չափով աշխատավարձ, իսկ աշխատանքի անցնելու պարագայում արդեն բավականին ծանրակշիռ աշխատավարձ են ստանում՝ 350.000-ից սկսած։ Ուզում եմ հատուկ կոչով դիմել, որ կանայք ավելի ակտիվ լինեն»։

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն էլ հավելեց, որ Երևանում պարեկային ոստիկանության ծառայության արդյունքները մշտադիտարկելիս ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներն ավելի բարձր են գնահատել այն կարգախմբերի աշխատանքը, որտեղ ներգրավված են եղել կանայք․

«Մասնավորապես կանանց ներգրավվածությունը շատ ավելի օգնել է հաղորդակցությունը հանրության հետ իրականացնելու ու նաև ծայրահեղ լարված իրավիճակները դեէսկալացնելու համար․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս