«Առաջնային է դառնում ՀՀ-ի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը և ժամ առաջ ռազմական փոխօգնության դաշինքի կնքումը»․ արցախցի փախստական
Հանրապետության հրապարակում օրվա երկրորդ կեսից բողոքի ակցիա էին անցկացնում Հադրութից և Շուշիից տեղահանված արցախցիները։ Նրանք պահանջում էին ՀՀ կառավարություն արձագանքը վերջին օրերին ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններին․
«Ինչպես գիտեք, ադրբեջանական կողմը վերջին օրերին իրականացնում է տարաբնույթ գործողություններ։ Սակայն այն, ինչ արեցին 3 օր առաջ, կարելի է համարել ռազմական գործողությունների նախասկիզբ, որովհետև երկարատև հրադարից հետո ականանետեր են աշխատել, ռմբակոծվել են գյուղեր, չճշտված տեղեկություններով՝ այդ ականներից մեկը կպել է բնակավայրերից մեկի դպրոցի շենքին․․․
Բոլոր ռազմական միավորումները, որոնք գտնվում են մեր հայրենիքի տարածքում, Արցախի կառավարությունը պետք է պահանջի դուրս բերել Արցախի Հանրապետության տարածքից, հակառակ դեպքում պետք է այդ զինվորական կազմավորումներն ապօրինի հայտարարվեն և զինաթափման վերաբերյալ կոնկրետ որոշումներ ընդունվեն։
Նորից եմ ասում, այս ցույցի հիմնական պահանջն է՝ դիմել ՀՀ կառավարությանը, որպեսզի իր պաշտպանության ձայնը բարձրացնի Արցախի Հանրապետությունում հումանիտար աղետի մեջ հայտնված խաղաղ բնակչության օգտին, ռուս խաղաղապահներից պահանջի, որպեսզի արգելափակեն ադրբեջանցի ահաբեկիչների մուտքն Արցախի Հանրապետության տարածք․․․»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից մի տղամարդ։
Արցախից տեղահանված տղամարդու գնահատմամբ՝ ադրբեջանցիների կողմից երեկ Արցախի մի շարք բնակավայրեր 120 միլիմետրանոց ականանետերով ռմբակոծելը չափազանց վտանգավոր է․
«Պատկերացնո՞ւմ եք, թե դա ի՞նչ է՝ 120 մմ ականանետ, դա նշանակում է, որ այդ հատվածում աշխատում է առնվազն ադրբեջանական 1 գումարտակ, որովհետև դա գումարտակային զենք է, իսկ եթե գումարտակ է աշխատում, դա ռազմական գործողություն է․․․»։
Իսկ ստեղծված իրավիճակից ելքն արցախցու պատկերացմամբ՝ միայն մեկն է․
«Առաջնային է դառնում ՀՀ-ի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը և ժամ առաջ ռազմական փոխօգնության դաշինքի կնքումը 2 հանրապետությունների միջև, ինչպես դա արել են Ադրբեջանն ու Թուրքիան․․․»։