Իսկ Գարիկ Սարգսյանը կկալանավորվի՞ ընտրությունից առաջ գումար բաժանելու համար

2022 թվականի մարտի 27-ին անցկացվելու են Վեդի խոշորացված համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները։

Այդ նպատակով Կառավարության պահուստային ֆոնդից 10 միլիոն դրամ է հատկացվել ՀՀ Ոստիկանությանը։

Հիշեցնենք, որ Արարատի մարզի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանն է այժմ Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը, որը նոր պաշտոնը ստանձնելուց հետո միանգամից որոշեց ազատվել իր հրաժարականը պահանջած համայնքապետերից և Վեդի խոշորացված համայնքի 16 գյուղերում վարչական նոր ղեկավարներ նշանակեց։

Ուշագրավ է, որ մարտի 27-ին կայանալիք ընտրություններից առաջ, մասնավորապես, մարտի 2-ին և 3-ին Գարիկ Սարգսյանի որոշմամբ 10-ից մինչև 40 հազարական դրամ է բաժանվել Վեդի համայնքի տասնյակ բնակիչների՝ որպես սոցիալական օգնություն։

Համեմատության համար հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ևս ընտրություններից առաջ անապահովներին գումար էր բաժանել, բայց դա իշխանութունը որակեց ոչ թե աջակցություն՝ անապահովներին, այլ՝ ընտրակաշառք, և դրա հիմքով Առուշանյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, 2021 թվականի հուլիսից էլ զրկվեց ազատությունից և առ այս պահը կալանավայրում է։

Թերևս, հենց այս հանգամանքն է, որ հարց է առաջացնում, իսկ ի՞նչ է լինելու Վեդիի ընտրություններից հետո Գարիկ Սարգսյանի հետ. Արդյո՞ք ընտրությունից առաջ քաղաքացուն գումարով աջակցելը կդիտարկվի որպես ընտրակաշառք, ու արդյո՞ք Գարիկ Սարգսյանը Առուշ Առուշանյանի պես կհայտնվի կալանավայրում և պատասխան կտա օրենքի ողջ խստությամբ, ինչպես Սահմանադրությամբ է ամրագրված՝ «Բոլորը հավասար են օրենքի առջև»:

 

Տեսանյութեր

Լրահոս