«Իմ այդ որոշումը չեմ վերանայելու, հանձնաժողով չեմ գնալու». Մովսես Հակոբյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
Այսօր խորհրդարանում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքային քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հետ կվերցնի իր այն հայտարարությունը, թե չի գնալու քննիչ հանձնաժողով, քանի որ ասելիք չունի։
«Համոզված եմ՝ պարոն Հակոբյանն անպայման կգա հանձնաժողով, հակառակ դեպքում ինքը հանրայնորեն պետք է պատասխանի այն հարցերին, որն իրեն պետք է տրվեր։ Այնպես չէ, որ դա լինելու է իր ներկայությամբ, պարոն Հակոբյանին կոչ եմ անում, որպեսզի նման հայտարարություններ չանի և որևէ պաշտոնյայի՝ անկախ իր նախկին զբաղեցրած պաշտոնից՝ լինի զորքերի հրամանատար թե այլ պաշտոնյա»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։
Հիշեցնենք՝ 17-ին Մովսես Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ չի պատրաստվում գնալ Արցախի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին և պատասխանել հարցերի՝ հստակեցնելով, որ ասելիք չունի։
168.am–ը այսօր Մովսես Հակոբյանից հետաքրքրվեց՝ իր որոշումը վերանայելո՞ւ է։
«Ես իմ այդ որոշումը չեմ վերանայելու, հանձնաժողով չեմ գնալու»,- կարճ պատասխանեց Մովսես Հակոբյանը։
Հարցին՝ պատրա՞ստ է հանրայնորեն պատասխանել այն հարցերին, որոնք իրեն պետք է տրվեն հանձնաժողովում, ինչպես հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը, Մովսես Հակոբյանը պատասխանեց.
«Եթե հանրայնորեն իրենց տված հարցերը և իմ հանրայնորեն տված պատասխանները կօգնեն մեր երկրին, ապա կպատասխանեմ, եթե ոչ՝ ոչ»։