Բաժիններ՝

Ինչո՞ւ են վերելակն «Արտադրական վտանգավոր օբյեկտների» ցանկում գրանցելու համար բնակիչներից 400.000 դրամ պահանջել. ԱԻՆ պարզաբանումը

Երևանի Հովսեփ Էմին փողոցի 83 շենքի բնակիչ Յուրիկ Հախնազարյանը, ով իր բնակարանը կառուցապատողից ձեռք է բերել 2012թ. դեկտեմբերին, մեզ հետ զրույցում իր դժգոհությունն էր հայտնել ԱԻՆ աշխատանքից:

«2021 թվականի փետրվարին ոմն Լևոն իմ տան դռան զանգը տալով՝ ներկայացավ որպես ԱԻՆ-ի տեսուչ և տեղեկացրեց, որ մեր շենքի վերելակը չի գրանցվել ԱԻՆ-ի «Արտադրական վտանգավոր օբյեկտների» ցանկում, և պահանջեց 400.000 դրամ՝ գրանցման գործերը կատարելու համար: Հարց ուղղեցի՝ մի՞թե հնարավոր է՝ առանց ԱԻՆ-ի կողմից ստուգման և գրանցման այն շահագործման հանձնվի, պատասխանեց՝ այո, քանի որ դա ԱԻՆ-ի նախկին տեսուչի բացթողումն է, և հիմա պետք է մենք վճարենք դրա համար, իսկ եթե հրաժարվենք՝ ըստ օրենքի կպարտավորվենք վճարել մեր նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկը, և սպառնաց, որ վերելակը կփակի: Իմ և մեր մյուս հարևանի պնդումներին, որ մեզ տրամադրի նախկին տեսուչի անունը և համապատասխան պաշտոնյաների տվյալները՝ հրաժարվեց»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր Յուրիկ Հախնազարյանը:

Խնդրի պարզաբանման համար կապ հաստատեցինք Արտակարգ իրավիճակների նախարարության հետ, որտեղից տեղեկացրեցին, որ համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ եթե վերելակները տեղադրված են հանրային նշանակության կառույցներում, այդ թվում՝ արտադրական շինություններում, բազմաբնակարանային շենքերում, ընդհանուր օգտագործման համար նախատեսված այլ վայրերում, բացառությամբ 250 կգ ու փոքր բեռնատարողությամբ վերելակների, հանդիսանում են արտադրական վտանգավոր օբյեկտներ: Ըստ նույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ռեեստրում գրանցման ենթակա է Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող յուրաքանչյուր արտադրական վտանգավոր օբյեկտ:

11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ: Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ Տեխնիկական անվտանգության փորձաքննությունն իրականացվում է`

ա) նախագծային փաստաթղթերի նկատմամբ` նախագծման փուլի ավարտին, մինչև նախագծային փաստաթղթերի հաստատման պահը,

բ) գործարկվող (վերագործարկվող) արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմամբ` նախքան գործարկման (վերագործարկման) աշխատանքները սկսելը,

գ) շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմամբ` սույն օրենքով սահմանված կարգով արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման գրանցամատյանում ( ռեեստր) գրանցվելուց հետո:

Վերը նշվածով պայմանավորված՝ արտադրական վտանգավոր օբյեկտը Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից վարվող արտադրական վտանգավոր օբյեկտների պետական ռեեստրում գրանցելու համար պետք է օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետով սահմանված կարգով ներկայացվի արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքների մասին` նախագծային փաստաթղթերի, վկայագրի և գործարկման փորձագիտական եզրակացությունները:

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տեխնիկական անվտանգության փորձաքննությունն իրականացվում է արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի հետ կնքված պայմանագրի հիման վրա` պայմանագրով նախատեսված ժամկետներում` պահպանելով տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությամբ սահմանված պայմանները:

Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը վերը նշված նորմի հիման վրա տեխնիկական անվտանգության փորձաքննությունն իրականացնում է պայմանագրային հիմունքներով՝ շահագործող անձի հետ կնքելով ծառայությունների մատուցման պայմանագիր:

«Խմբագրություն դիմած քաղաքացու բարձրացրած հարցի ֆինանսական մասի առնչությամբ նշենք, որ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից Լևոն Ալեքսանյանը, Հովսեփ Էմին փողոցի 83 շենքի բնակիչ Յուրիկ Հախնազարյանի հարցմանն ի պատասխան ներկայացրել է տեղեկատվություն՝ օրենքով սահմանված այն վճարների մասին, որոնք ՊՈԱԿ-ի հետ պայմանագիր կնքելու դեպքում պետք է իրականացվի փոխանցման միջոցով:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ վերելակը շահագործվում է՝ խախտելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի իմպերատիվ նորմերը, այսինքն՝ վերելակը գրանցված չէ ռեեստրում և չի անցնում ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննություն, աշխատակիցը հայտնել է նույն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով նախատեսված նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով տուգանքի մասին՝ օբյեկտը չգրանցելու և փորձաքննություն չանցկացնելու դեպքում:

Նման դեպքերում օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով կարգադրագրով արգելվում է վերելակի շահագործումը:

Միաժամանակ հորդորում ենք արտադրական վտանգավոր օբյեկտներ շահագործող անձանց հետևողական լինել, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից վարվող ռեեստրում գրանցման, ապահովել տարեկան ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը՝ տեխնածին վթարները և արտադրական պատահարները կանխարգելելու նպատակով»,- պարզաբանեցին ԱԻՆ-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս