Բենետը Բայդենին խնդրել է չվերադառնալ Իրանի հետ միջուկային գործարքին. Axios
Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ փետրվարի 6-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Միացյալ Նահանգների ղեկավարին է դիմել Իրանի հետ միջուկային գործարքին չվերադառնալու խնդրանքով: Փետրվարի 9-ին այդ մասին հաղորդել է Axios ինտերնետ-պորտալը՝ վկայակոչելով իսրայելացի պաշտոնյայի:
Պորտալի տվյալների համաձայն՝ զրույցի ժամանակ Բենետը Բայդենին հորդորել է չվերադառնալ Իրանի հետ միջուկային գործարքին՝ նշելով, որ «ոչինչ տեղի չի ունենա», եթե ԱՄՆ-ն այն չստորագրի: Բենետը կածրում է, որ եթե գործարքը վերականգնվի, Թեհրանը կվաստակի միլիարդավոր դոլարներ, ինչն, ինչպես կարծում են Իսրայելում, կնպաստի տարածաշրջանում «չարամիտ գործունեությանը»:
Ինչպես պորտալին հայտնել է ամերիկացի պաշտոնյան, որը ծանոթ է զրույցի բովանդակությանը, Միացյալ Նահանգների ղեկավարը Բենետին հայտարարել է, որ առայժմ պարզ չէ, թե գործարքը կվերականգնվի արդյոք: Բացի դրանից, Բայդենն Իսրայելի վարչապետին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը չի հրաժարվի իրանական միջուկային ծրագրի սահմանափակումների վերաբերյալ՝ իր հիմնական պահանջներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: