ՄՕԿ-ը հրաժարվել է մեկնաբանել ռուս գեղասահորդների հետ կապված դոպինգ սկանդալը
Միջազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի գեղասահքի թիմի դոպինգ-թեստի հետ կապված խնդիրը:
ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը հրաժարվել է պաշտոնական որևէ մեկնաբանություն տալ այն մասին, որ խնդիրը վերաբերվում է ռուս գեղասահորդ Կամիլա Վալիևայի՝ դեռևս դեկտեմբերին տրված թեստին:
Ըստ որոշ լրատվականների՝ Վալիևան օգտագործել է 2014 թվականից ի վեր արգելված տրիմետազիոնին, որը օգնում է կարգավորել սրտի աշխատանքը:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմը, որը գեղասահքի թիմային հաշվարկում նվաճել է Օլիմպիական խաղերի ոսկե մեդալները, դեռևս չի ստացել մեդալները: Պարգևատրության արարողությունը պետք է կայանար փետրվարի 8-ին, սակայն այն հետաձգվել է: Խնդիրը կապված է դոպինգ-թեստի պատասխանների հետ: Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն և Հակադոպինգային կազմակերպությունը դեռևս իրավական խնդիրներ ունեն: Դոպինգ-թեստը կապվում է գեղասահորդներից մեկի թեստի պատասխանի հետ, որը նա հանձնել էր մինչ Օլիմպիական խաղերը: