Բնական եմ համարում, որ նախագահի դիրքին հավակնի Ռոբերտ Քոչարյանը
168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Մեդիամաքսին տված հարցազրույցին, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանն ասաց, որ երկրորդ նախագահի կողմից բերված բոլոր հիմնավորումներն իր համար համոզիչ էին և դիպուկ:
Հարցին, թե ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը փետրվարին կայանալիք ընտրություններում չի սատարում Սերժ Սարգսյանի թեկնածությունը, Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Քոչարյանը երկրի նախագահն է եղել ու չեմ կարծում, որ նման մեծությունը պետք է Սերժ Սարգսյանին սատարելու կամ չսատարելու խնդիր ունենար: Ամեն ինչ շատ դիպուկ էր ասված: Կարծում եմ՝ տրամաբանական է, երբ երկրորդ նախագահը իրեն հետնորդ է ցանկացել տեսնել Սերժ Սարգսյանին»:
Ինչ վերաբերում է հավանականությանը, որ հաջորդ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանը կարող է առաջադրվել, ելնելով նրանից, որ 2018 թվականին Ռ. Քոչարյանի թվարկած պատճառներն արդեն չեն լինի, Վարդան Բոստանջյանն նշեց. «Զարմանալու ոչինչ չեմ տեսնում, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է առաջադրվել: Բնական եմ համարում, որ նախագահի դիրքին հավակնի Ռոբերտ Քոչարյանը, մանավանդ երբ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետն ըստ Սահմանադրության պետք է ավարտվի: Ցանկացած քաղաքացի կցանկանա ունենալ ուժեղ նախագահ: Իսկ Քոչարյանն ադպիսին է, պարզ չէ՞, որ պետք է առաջադրվի»: