«Մխիթարյան» դպրոցում ուսումնասիրությունները շարունակվում են
ՀՀ Ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են ուսումնասիրություններն Ավանի «Մխիթարյան» դպրոցում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նրա խոսքով`Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գծով ստորաբաժանումը կատարել է համապատասխան ուսումնասիրություններ, ներկայումս նաև այլ ստորաբաժանումներ են աշխատում, նյութեր են պատրաստվում:
Հիշեցնենք, որ համացանցում Երևանի Ավան վարչական շրջանի բնակիչների կողմից հաղորդում էր տարածվել այն մասին, որ ՀՀ ԿԳ նախարարության կողմից դպրոցին տրված լիցենզիայի հիման վրա այս հաստատությունը պիտի լիներ երկսեռ սովորական, հանրակրթական դպրոց, բայց օրենքի բոլոր նորմերը խախտելով՝ գործում է իբրև միասեռ գիշերօթիկ կրոնական հաստատություն: Ըստ բնակիչների`դպրոցի տնօրենը, չունենալով մանկավարժական որակավորում, վերոհիշյալ դպրոցում դասավանդում է «Ռազմագիտություն» առարկան, սակայն հստակ չտիրապետելով առարկային՝ իրական պատերազմի հարթակ է հաճախակի ստեղծում ոչ միայն դպրոցում, այլև թաղամասում: Աշակերտներից ոմանք թաղամասի իրենց տարեկից ընկերներին գաղտնի պատմել են, որ տխրահռչակ «ռազմիկ-հսկիչը» պարբերաբար ծեծում և պատժում է երեխաներին` պատճառելով նաև մարմնական լուրջ վնասվածքներ: Բնակիչներն ահազանգում են, որ դպրոցի տնօրենը երեխաներին ստիպում է ընդունել անհայտ ծագման դեղեր և հեղուկներ:
168.am-ի հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեխաների իրավապաշտպան Աիդա Մուրադյանը նշել էր, որ ՄԻՊ գրասենյակը ևս ստուգումներ է անցկացնում դպրոցում: