«Իմ կենսագրությունում տարբեր տեղերում տարբեր բաներ եմ գրել». Վահագն Խաչատուրյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն այսօր «Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում. Կրթությունն առանցքում» խորագրով համաժողովի մեկնարկից առաջ, պատասխանելով 168.amի հարցին, թե Սուքիասյանների ընտանիքին պատկանող բանկի խորհրդի անդամի անդամակցությունը երբ է դադարեցրել, նշեց՝ այն օրվանից, երբ անցել է աշխատանքի։

«Հենց նույն օրն եմ դադարեցրել, ինչպես օրենքն է պահանջում։ Ես առհասարակ օրենք շատ հարգող մարդ եմ, մեկ ուրիշ սկզբունք էլ ունեմ՝ երբևիցե գործող օրենքը չեմ քննադատում։ Ես կատարում եմ այդ օրենքի պահանջները, եթե որևէ բան չի համապատասխանում օրենքին, կփորձեմ փոխել»,- նշեց Վահագն Խաչատուրյանը։

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, երբ իր ստորագրությամբ պատմական շենքը բավականին մատչելի գնով  վաճառվել էր Սուքիասյանների ընտանիքին, Վ. Խաչատուրյանը նկատեց՝ այստեղ քիչ մարդ կա, որ այդ շենքը հիշի։

«Այն շենքը, որը վերակառուցվել ու դարձել է Երևանի ամենագեղեցիկ շենքերից մեկը։ Միայն իրենք չեն եղել, ես եմ եղել խնդրողը, որ առնեն։ Շատերին եմ խնդրել, ցավոք, արձագանքողներ քիչ են եղել։ 1993-94 թվականներին Երևանում ներդրողների թիվն անսահման փոքր էր, նույնիսկ զրո։ Առիթ լինի, շատ մանրամասն դրա մասին կխոսենք, ուղղակի… ես շատ կուզեի, որ այսօր Հայաստանում նման մատչելի գներով ներդրողներին տրամադրեն նման կիսակառույց կամ կիսաքանդ անշարժ գույք»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է  խոսակցություններին, թե ՀՀՇ-ն վերադառնում է, Վահագն Խաչատուրյանը նշեց, որ անձամբ եղել է Հայոց համազգային շարժման շարքային անդամ, բայց ոչ կուսակցական, եթե այդ տեսանկյունից նայեն, ապա վերադարձել է։

«Ես այդ շարժման անդամ եմ 1988 թվականից, ես իմ ընտանիքին էլ եմ ասել՝ այն օրվանից, երբ եկել եմ օպերա, այդ օրվանից ես նվիրվել եմ այդ գործին։ Ցավոք, այն խնդիրները, որոնք այն ժամանակ դրել ենք, մինչև այսօր չենք կարողացել իրականացնել։ Ես այդ ճանապարհին եմ և ուզում եմ մինչև վերջ իրականացնենք այն, ինչ ուզում էինք 1988-ին, գուցե շատ բաներ չկարողանանք, բայց ունենալ ազատ, անկախ Հայաստան երկիր, որտեղ բոլորս երջանիկ լինենք»,- շեշտեց ԲՏԱ նախարարը։

Հարցին, թե որն է պատճառը, որ երկար ժամանակ հանրությանը ծանոթ  Խաչատրյանը դարձավ Խաչատուրյան, և առհասարակ կենսագրությանը վերաբերող հակասական տեղեկություններ կան համացանցում տեղադրված, Վահագն Խաչատուրյանը պարզաբանեց նախ, որ ազգանվան հետ կապված հարցը իր անձնական խնդիրն է: Ընտանիքի բոլոր անդամները՝ հայրը, եղբայրները, կրում են Խաչատրյան ազգանունը, բացի իրենից։

«ԶԱԳՍ-ի աշխատողն իմ ազգանվան հետ կապված՝ գրել էր Խաչատուրյան, ես դրա մասին իմացել եմ, երբ անձնագիր էի ստանում։ Հիմա արդեն ճշգրտման պահ կար, ինձ բոլորդ գիտեք Խաչատրյան։ Ինձ համար մի քիչ «ֆալշ» է հնչում, երբ ինձ Խաչատուրյան են ասում, Խաչատրյանն ինձ համար ավելի հարազատ է։

Կենսագրության առումով մեղավորությունն իմն է, ինքս ինձ համարում եմ անկուսակցական, այն դադարեցրել եմ 2017 թվականին։ Իմ կենսագրությունում տարբեր տեղերում տարբեր բաներ եմ գրել»,- եզրափակեց նա։

Նախարարը պարզաբանեց նաև, որ 2017 թվականի ընտրություններից հետո իր կուսակցական գործունեությունը դադարեցրել է:

«Խմբագրվելու կարիք չկա. ես իմ կենսագրության ինչ-որ տարբեր տեղերում տարբեր բաներ եմ գրել. մոտեցումը հետևյալն է եղել՝ պաշտոնապես ես աշխատել եմ մինչև 1999 թ. մայիս ամիսը, երբ ԱԺ պատգամավորության ժամկետը լրանալուց հետո դադարեցվել է իմ աշխատանքային գործունեությունը, դրանից հետո ես տարբեր տեղեր տարբեր ձևերով եմ գրում»,- ասաց Վահագն Խաչատուրյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս