Բաժիններ՝

Արդյո՞ք միայն այս արտահայտություններով է իրական քրիստոնյան հաստատում իր հավատքը

Մենք մեզ միշտ իրական քրիստոնյաներ ենք համարում։ Կարծում ենք, թե դրա համար բավարար է սոսկ ասելը, թե Քրիստոս է Աստված, ընդունում ենք Հորը, Որդուն, Սուրբ Հոգուն, գնահատում ենք շնորհները, որ ունենք և գիտենք Քրիստոսի զոհաբերման մասին։

Արդյո՞ք սա է իրական քրիստոնյայի նկարագիրը։ «Գիտեմ», «ընդունում եմ», «գնահատում եմ»․․․ Արդյո՞ք միայն այս արտահայտություններով է իրական քրիստոնյան հաստատում իր հավատքը։

Չէ՞ որ Աստվածաշնչում ասվեց մեզ․ «Ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է» (Մարկոս 9.23)։ Եվ ըստ այս խոսքի էլ ցանկանում ենք հնարավոր դարձնել ամեն բան՝ հավատքով։ Սակայն ինչպե՞ս հավատալ։

Նախ սկսենք նրանից, թե ինչու ենք ավելի քիչ ուշադրություն դարձնում հավատքին, քան մեզ «խոստացված» պարգևին։ Այո, կունենանք ամեն ինչ, երբ հավատանք, սակայն սրանից առավել մեծ հարց էլ կա՝ արժանի լինելը։ Եթե անգամ ասում ենք, որ հավատում ենք, երբևէ մեզ չենք հարցնում՝ արդյոք արժանի՞ եմ ես այս զոհաբերմանը, որին հանուն իմ փրկության՝ գնաց Քրիստոս՝ Աստվածորդին։

Ինքներս մեզ հարցնենք՝ արդյո՞ք մենք արժանի ենք։ Մենք քրիստոնեությունը կառուցում ենք մեր շուրջ, մինչդեռ պետք է այդպես չլինի։ Չի կարելի հավատքը նեղացնել սեփական մեկնաբանությամբ, չի կարելի վերցնել միայն մեզ ձեռնտու կետերը՝ աչք փակելով մեր չկատարած պատգամների վրա։ Հենց այս յուրահատուկ մեկնաբանությամբ ենք մենք դառնում ոչ արժանի այն զոհաբերությանը, որն արեց Քրիստոս:

Սակայն դառնանք ետ՝ մեր խոսքի սկիզբը, երբ ասում էինք, որ յուրաքանչյուրն իրեն համարում է հենց այն իրական քրիստոնյան, որը հավատում է, և սպասում է, որ ըստ աստվածաշնչյան խոսքի՝ նրան տրվի «ամեն ինչը»։ Սպասել պետք չէ։ Պետք է արժանի դառնալ, հավատքը պահպանել՝ փորձությունների մեջ ընկնելով, պայքարել՝ հանուն գաղափարի, չերկնչել չարից, հավատալ հաղթանակին՝ Աստծով։

Եվ, անշուշտ, ճիշտ է խոսքը, թե ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է։ Քանի որ իրենց հավատքով Քրիստոսից անգամ բժշկվեցին, հարություն առան ու փրկվեցին մարդիկ։ Սակայն մի պայման կար՝ իրական հավատքով։ Հենց այդ հավատքով էլ արժանանալու ենք փրկության։

qahana.am

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս