«Ես, իհարկե, հակված եմ, որպեսզի ընտրություններն անցնեն նորմալ, և նախագահը վերընտրվի». ԲՀԿ-ական քաղաքապետ

Հարցազրույց Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի հետ

– Որպես ԲՀԿ-ական քաղաքապետ, նախագահական ընտրություններին սատարելո՞ւ եք ՀՀԿ թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

– Ինչ-որ դուք գիտեք, նույն բանն էլ առայժմ  մենք գիտենք: Մեր կուսակցության հայտարարությունը դեռ ուժի մեջ  է: Այսինքն` կուսակցության այն հայտարարությունը, որ մենք թեկնածու չունենք, և, որ մեր կուսակցությունով կհավաքվենք, հանձնարարականներ կլինեն, և կորոշենք, նոր կխոսենք:

– Այսինքն` կուսակցությունից  հրահանգ դեռ չե՞ք ստացել:

Կարդացեք նաև

– Առայժմ` ոչ:

– Եվ Դուք չգիտե՞ք Ձեր անելիքը:

– Իմ անելիքը երկակի իմաստ ունի. նախ` որպես կուսակցական, պետք է հաշվի առնեմ կուսակցական որոշումները, և երկրորդ`որպես իշխանություն, պարզ է, որ ես կցանկանայի, որ ընտրությունը լիներ բարձր մակարդակով, պահանջվող սահմաններում: Ես, իհարկե, հակված եմ, որպեսզի ընտրություններն անցնեն նորմալ, և նախագահը վերընտրվի: Որպես քաղաքապետ` ուզում եմ, որ մեր հանրապետության նախագահը վերընտրվի:

– Իսկ որպես ԲՀԿ տարածքային խորհրդի նախագահ` չե՞ք ուղղորդելու Ձեր կուսակիցներին, թե ում ընտրեն:

– Իհա՛րկե ուղղորդելու եմ: Ամեն դեպքում, ՀՀ նախագահի ընտրություններ են լինելու, բնականաբար, ես պետք է հավաքեմ իմ թիմակիցներին, խորհրդակցեմ նրանց հետ, լսեմ բոլորի կարծիքները: Այնպես որ, մենք այնքան էլ ձեռքներս ծալած չենք նստելու հանրապետության նախագահի ընտրությունների ժամանակ: Մենք որոշակի դերակատարում կունենանք:

– Իսկ ի՞նչ է նշանակում` «ձեռքներս ծալած չենք նստելու»:

– Այսինքն` եթե մենք ընտրում ենք հանրապետության նախագահին, մենք` որպես ՀՀ քաղաքացիներ, պարզ է, չէ՞՝ ի՛նչ պետք է անենք: Դա իմ անձնական կարծիքն է, որ օգնեմ  հանրապետության նախագահին:

– Իսկ ինչքա՞ն է ԲՀԿ կուսակիցների թիվը Սիսիանում:

– 2000-ից ավելի է:

– Իսկ ինչպիսի՞ն են նախագահի մյուս թեկնածուների, օրինակ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի կամ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի  Հովհաննիսյանի ընտրվելու հնարավորությունները Սիսիանում:

– Ժողովուրդը պետք է ասի: Ես առանձնապես չեմ ճանաչում նրանց, շփում չունեմ ոչ մեկի հետ: Ինչքան որ գիտեմ, հեռուստատեսությունից եմ ճանաչում: Իսկ ի տարբերություն իրենց` ՀՀ նախագահին անձնապես եմ ճանաչում:

– Իսկ արդյոք նրանք կարո՞ղ են այլընտրանք լինել Սերժ Սարգսյանին: Ո՞ւմ եք համարում մրցակից Սերժ Սարգսյանին:

– Սերժ Սարգսյանը լուրջ մրցակից չունի: Ձեր թվարկած անունների մեջ չունի մրցակից: Հրանտ Բագրատյանի օրոք աշխատել եմ՝ որպես էլեկտրացանցի պետ, «ԱրմենՏելի» տնօրեն` 18-20 տարի:

– Եվ պարտքի զգացում չունե՞ք նրան սատարելու հարցում:

– Ոչ, ես ոչ մեկի հանդեպ չունեմ պարտքի զգացում՝ բացի իմ պետության առջև: Ինչի՞ պիտի Հրանտ Բագրատյանի հանդեպ ունենամ` կարո՞ղ է, ինքն է ինձ նշանակել, որ ես պարտքի զգացում ունենամ: Էդպիսի բան չկա:

– Այնուամենայնիվ, ՏԻՄ ընտրություններին Ձեզ սատարում էր Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Նրա հետ պայմանավորվածություն չունե՞ք ՀՀԿ-ի թեկնածուին սատարելու հարցում:

– Այդ հարցը մի քանի անգամ ինձ տվել են, և ես պատասխանել եմ, որ ես ընտրում եմ այն մարդուն, ով արժանիք ունի, ով անցած ճանապարհ ունի: Եվ եթե Սյունիքի մարզպետն ինձ պաշտպանել է, նաև պաշտպանել է իմ կատարած աշխատանքների համար:

– Իսկ կարելի՞ է ասել, որ Սիսիանում ԲՀԿ-ականներն ընտրելու են ՀՀԿ-ի թեկնածուին:

– Շտապում եք: Ես ինքս չգիտեմ դա:

– Իսկ ե՞րբ հստակ կլինի:

– Երբ քարոզարշավը սկսվի, մենք կհանդիպենք, կառույցներով կհավաքվենք:

– Եվ ինչպիսի՞ ընտրություններ կլինեն:

– Ոչ մի ընտրություն նախորդի նման չի կրկնվում: Յուրաքանչյուր ընտրություն նախորդի համեմատ լինում է բավականին կատարելագործված, մոտենում է թափանցիկության աստիճանին: Ժողովուրդն ինքնըստինքյան կարողանում է ընտրություն կատարել: Վախի մթնոլորտ, շանտաժի մթնոլորտ, ճնշումներ գործադրել… ես հիմա Սիսիանի ընտրությունների եզրակացությունն եմ ասում, այլևս չի աշխատում:

– Բայց բնակչության շրջանում կա որոշակի ընտրազանգված, որ սպասում է ընտրակաշառքի:

– Ես չեմ ասի, թե բնակչությունը սպասում է ընտրակաշառքի: Որոշ չինովնիկներ կան, որոնք  փորձում են ձուկ որսալ պղտոր ջրում: Նրանք այն մարդիկ են, որոնք զուտ ուզում են օգտվել այդ ընտրակաշառքից:

– Իսկ նրանք Հանրապետական կուսակցությունի՞ց են:

– Ոչ, ոչ, ուրիշ կուսակցություններից են, նաև կան անկուսակցականներ, ովքեր իրենց հայտարարում են ընտրության գիտակներ, իրենց կարծիքն են հայտնում, իրենց թիմի անունից են խոսում: Այսինքն` այդ մարդիկ ավելի շատ ստվեր են գցում ընտրությունների վրա, քան օգնում են ընտրությունների ընթացքին: Վերջին երկու ընտրությունները Սիսիանում եղել են շատ թափանցիկ, և ժողովուրդն ընտրել է նրան, ում ցանկացել է:

– Ամեն դեպքում ի՞նչ եք կարծում` ՀՀ գործող նախագահը որքա՞ն ձայն կստանա Սիսիանում:

– Ես` որպես քաղաքապետ, օրինակ, այսպես եմ հաշվում, թե ինչքան գործ է արվել իմ կառավարման տարիներին Կառավարության կողմից` կոնկրետ նախագահի հանձնարարականով: Բավականին լուրջ գործընթաց է իրականացվել Սիսիանի տարածաշրջանում, և դա եղել է Կառավարության կողմից նախագահի հանձնարարականով: Այսինքն` նախագահը բավականին կատարած աշխատանքներ ուներ Սիսիան  քաղաքում, և նա լուրջ մրցակից չունի:

– Լավ, իսկ եթե ԲՀԿ-ն թեկնածու առաջադրեր, ապա, ըստ Ձեզ` գործող նախագահը կունենա՞ր մրցակից:

– Եկեք եթե-ներով չխոսենք: ԲՀԿ-ն չի առաջադրել թեկնածու:

Տեսանյութեր

Լրահոս