Բաժիններ՝

Musk Factor բազմասերիանոց ֆիլմի NFT-ն վաճառվել է 3,8 միլոն դրամով

Musk Factor հայկական արտադրության ֆիլմի NFT-ները հասցրել են հայտնվել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Բազմասերիանոց ֆիլմի NFT-ները ներկայացվել են ամենահայտնի ու հեղինակավոր OpenSea հարթակում՝ գեներացնելով մեծ հետաքրքրություն։ NFT-ներից մեկը վաճառվել է 3,8 միլիոն դրամով։

«Այն, որ NFT-ն կամ չփոխարինելի թոքենը (non-fungible token) դարձել է 2021 թվականի թրենդը, գաղտնիք չէ ոչ մեկի համար։ NFT-ները հատկապես հետաքրքիր են արվեստի մարդկանց՝ իլյուստրատորներին, նկարիչներին, քանի որ նրանց հնարավորություն է ընձեռվում իրենց ստեղծած գործերը դարձնել թվային և վաճառել։ Պարզ լեզվով ասած՝ NFT-ն եզակի մտավոր աշխատանք է, թվային ակտիվ, որի հեղինակային իրավունքները հնարավոր է վաճառել։ NFT-ն կարող է լինել արվեստի գործ, երաժշտություն, տեսանյութ, անգամ թվիթերյան գրառում։ Հրաշալի է, որ մեր հանրությունը ևս սկսում է մուտք գործել NFT-ների աշխարհ։ Մենք անսահման ուրախ ենք, որ մեր ստեղծած NFT-ները մեծ հետաքրքրություն են առաջացրել միջազգային հանրության շրջանում»,-նշում է Musk Factor-ի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը։

Must Factor-ի NFT-ները ներկայացնում են ապագայի աշխարհն այնպիսին, ինչպիսին այն տեսնում է ֆիլմի ստեղծարար թիմը։ Բազմասերիանոց ֆիլմի յուրաքանչյուր սեզոնի ընթացքում թողարկվելու է 33 NFT, որոնք նաև երևալու են կինոնկարի կադրերում։

Ռաֆայել Թադևոսյանի խոսքով՝ եթե ֆիլմում ներկայացնում ենք, որ կրիպտոարժույթը և NFT-ները մարդկության անխուսափելի ապագան են, ինչու մենք էլ չսկսենք զբաղվել դրանով հենց այսօրվանից՝ չսպասելով ապագային։ «Եվ եթե մեր վաճառած NFT-ները մեզ հնարավորություն կընձեռեն ներգրավել ևս մեկ համաշխարհային դերասանի, ինչո՞ւ չօգտագործել այդ հնարավորությունը»,-նշում է նա։

Նշենք, որ Musk Factor հայկական արտադրության 10 մասանոց ֆիլմում ներկայացված ժամանակաշրջանում աշխարհում մեծ տեղ են զբաղեցնում վիրտուալ իրականությունը, արհեստական ինտելեկտով տեխնոլոգիաները։

2032 թվականն է․աշխարհում արդեն մասսայական է դառնում այն կրոնը, որն ապացուցում է՝ Աստված ծրագրավորող է, իսկ Bitcoin-ը ստեղծող Սատոշի Նակամոտոն փրկչի երկրորդ գալուստն է, իսկ Էյնշտեյնի հարաբերականության տեսությունն ամբողջությամբ մերժված է․այն հնարավորություն է տալիս նոր տեխնոլոգիաների ստեղծման աճին։

Իլոն Մասկը հասցրել է կոլոնիզացնել Մարսը։ Հայազգի մի ինժեներ մեկնում է Մարս՝ թողնելով իր ընտանիքը, որպեսզի նպաստի նախագծի կայացմանն ու օգնի մարդկությանը տեղափոխվել Մարս։ Նրա որդին՝ Ադամը, կարոտելով հայրիկին և զգալով նրա պակասը, ստեղծում է հոր թվային կլոնը, որպեսզի ինչ-որ կերպ կարողանա լրացնել հոր պակասը։ Հետագայում Ադամն ու իր ընկերները զարգացնում են այս գաղափարը՝ ստեղծելով սոցիալական ցանց, որում կիրառվում է մարդկանց թվային կլոններ ստեղծելու տեխնոլոգիան։ Բայց, առավել մեծ ծավալների ընկերությունը հասցնելու համար, ընկերները պետք է առերեսվեն այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են ֆոնդահայթայթումը, թիմային ոգու ստեղծումն ու տաղանդների հայտնաբերումը, ինչպես նաև հաղթահարել բազում խոչընդոտներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս