Ճապոնիան ձմեռային Օլիմպիական խաղերին կուղարկի Տոկիոյի ամառային ՕԽ-ի կազմկոմիտեի ղեկավարին
Ճապոնիայի իշխանությունները չեն բացառում, որ Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում երկիրը կներկայացնի 2020 թվականի Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հասիմոտոն եւ Տոկիոյի Պարալիմպիական խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչը: Այդ մասին հաղորդել է NHK հեռուստաընկերությունը: Միեւնույն ժամանակ Ճապոնիայի կառավարությունը մտադիր չէ Պեկին ուղարկել նախարարների կաբինետի պաշտոնատար անձանց, նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ մի շարք երկրներ, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան, Ավստրալիան եւ Մեծ Բրիտանիան, հայտարարել են Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին այն բանի կապակցությամբ, որ Չինաստանի ղեկավարությունը, նրանց կարծիքով, ոտնահարում է Սինցզյանի ույղուրական բանակչության շահերը եւ նրանց նկատմամբ վարում ցեղասպանության քաղաքականություն: Դիվանագիտական բոյկոտը նշանակում է, որ նրան մեղադրող երկրների պաշտոնական ներկայացուցիչները չեն մեկնի Պեկին եւ չեն մասնակցի Խաղերի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին:
Օլիմպիական խաղերին այդ երկրների մարզիկների մասնակցությունը չի սահմանափակվում: ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինն այդ կապակցությամբ հայտարարել է, որ Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերը վիթխարի իրադարձություն են մարզիկների եւ ամբողջ աշխարհի երկրպագուների համար: «Սպորտը քաղաքականացնելու բոլոր փորձերը հակասում են Օլիմպիական խարտիայի ոգուն: Չինաստանը վստահ է այն բանում, որ լավ կազմակերպված, անվտանգ եւ հաջող Օլիմպիական խաղեր կանցկացնի»,-ընդգծել է Վան Վենբինը: Պեկինում պաշտոնապես հայտարարում են, որ Խաղերին այդ երկրներից պաշտոնյաների ոչ ոք էլ չի հրավիրել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: