ՌԴ-ի դեմ դավաճանություն էր Փաշինյանի մասնակցությունը ժողովրդավարության գագաթնաժողովին. Գեղամյան
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով համաշխարհային քաղաքական ֆոնին՝ այն որակեց ծայրաստիճան պայթյունավտանգ:
Քաղաքական գործիչը նկատեց, որ հայտնի վերլուծաբաններն այսօր հակված են պնդել, որ իրավիճակը հիշեցնում է 1961 թվականի Կարիբյան կրիզիսը:
Այս համատեքստում Արտաշես Գեղամյանը հիշեցրեց դեկտեմբերի 17-ին ՌԴ արտաքին գործերի նախարարության երկու հայտարարությունների մասին, որոնցից մեկն ուղղված էր Միացյալ Նահանգներին, մյուսը՝ Հյուսիսատլանտյան դաշինքին.
«Այդտեղ հստակ մատնանշված են այն վտանգները, որոնք այսօր ծառացած են երկիր մոլորակի վրա, և ՌԴ նախագահը քանիցս շատ մանրամասն և համոզիչ կերպով ասել է, թե ինչով է պայմանավորված ՌԴ տագնապը:
Պայմանավորված է նրանով, որ այսօր ՆԱՏՕ-ն՝ հատկապես ԱՄՆ-ն, հակված են ուկրաինա-ռուսական սահմանում տեղադրել գերժամանակակից հրթիռներ: Տեղադրելու պայմաններում այդ հրթիռները կարող են նաև միջուկային զենք կրել (այդ հրթիռների թռիչքի ժամանակը ՌԴ, Մոսկվա կազմում է հինգ րոպե. այսօրվա հակաօդային պաշտպանության սարքերը 2-3 րոպեում այդ հրթիռների թռիչքը կֆիքսեն, բայց ոչնչացնել չեն կարող):
Այս պարագայում, բնականաբար, կան ուժեր, որոնք հակված են ամեն գնով Ուկրաինային մատաղ տալ հանուն մի գաղափարի: Իսկ գաղափարն այն է, որ ԱՄՆ-ում արդեն իսկ գիտակցում են, որ ձևավորվում է նոր եռաբևեռ աշխարհակարգ՝ ԱՄՆ՝ հավաքական Արևմուտքը, Չինաստանը և ՌԴ, իսկ դա հղի է նրանով, որ արդեն ամերիկյան տարադրամը կկորցնի իր համաշխարհային գերիշխանությունը»:
Քաղաքական գործիչը նկատեց, որ այս նկրտումների պատճառով են ամեն կերպ փորձում ապակայունացնել իրավիճակը թե՛ ՌԴ-ում, և թե՛ ՉԺՀ-ում: Հենց այս պատճառով Արտաշես Գեղամյանը ՌԴ-ի դեմ դավաճանություն որակեց Փաշինյանի մասնակցությունը Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին:
«Եթե մենք ուզում ենք ճիշտ հասկանանք ՀՀ-ի հետ կապված վտանգները, մենք պետք է անպայման հիշենք այն ծայրաստիճան դավաճանական գործողությունները, որն իրականացրեց ՀՀ ոչ բարով-խերով վարչապետ Փաշինյանը, երբ ընդունեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրավերը և իր մասնակցությունը բերեց «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին, որի աշխատանքներին մասնակցում էր 110 երկիր:
Ինչու եմ ասում՝ դավաճանական գործողություններ. այն պարզ պատճառով, որովհետև մենք Ձեզ հետ միասին գիտենք, որ ԱՄՆ նախագահն այդ գագաթնաժողովին չէր հրավիրել ո՛չ ՌԴ-ին, ո՛չ ՉԺՀ-ին, ո՛չ ԻԻՀ-ին՝ այսինքն՝ այն երկրները և հատկապես ՌԴ-ն, որը մեր բարեկամն է:
Այնտեղ, բնականաբար, կար հիշատակածս երկրների դեմ ուղղվածություն: Միամտորեն մտածում էինք, որ Փաշինյանն այնտեղ կակնարկի, որ չէր կարելի այնպիսի հզոր երկրներ՝ ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, չհրավիրել և ի պաշտպանություն հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշնության՝ նա խոսք կասեր, մինչդեռ նա, թող ներվի արտահայտությանս համար, թութակի պես կրկնեց այն թեզերը, որն իր ելույթում ասել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Եվ դրանով իսկ նա փաստորեն ասաց, որ ինքն ամբողջությամբ գտնվում է աշխարհաքաղաքական այն ուղղվածության վրա, որը թելադրում է ԱՄՆ-ը:
Ինչպես ասում են՝ նա դրանով չբավարարվեց. գնաց սեպարատ հանդիպումների այն ուժերի, այն պետությունների հետ, որոնք հստակորեն իրենց հակառուսական դիրքորոշումն են հայտնում»,- պարազաբանեց նա: