Առաջին հորիզոնականում է «Ով է ապրում տնակում» հեքիաթը
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հոկտեմբերի վաճառքի տվյալների:
Առաջին հորիզոնականում է «Ով է ապրում տնակում» հեքիաթը: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը հարվածում ծառին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Այս գրքից փոքրիկ ընթերցողները կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:
Երկրորդ տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:
Երրորդ հորիզոնականում է «Շաղգամը» հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործության ներքո որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:
Չորրորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:
«Շունն ու կատուն» գիրքը հինգերորդ հորիզոնականում է: Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:
Հովհաննես Թումանյանի «Փիսիկի գանգատը» ստեղծագործությունը վեցերորդ հորիզոնականում է: Հայտնի գործն այս անգամ ներկայացվում է ինքնատիպ պատկերազարդումների և փազլի միջոցով:
Յոթերորդ հորիզոնականում է «Գայլը և յոթ ուլիկները»: Մայր այծը, գնալով տանից, իր ուլիկներին խրատում է զգուշանալ մոտակայքում թափառող գայլից: Գայլը, օգտվելով հարմար առիթից, թակում է այծի տան դուռն ու հայտարարում, որ նրանց մայրն է: Գրիմ եղբայրների հեքիաթի հերոս խորամանկ գայլը փորձում է օգտագործել ցանկացած մեթոդ՝ նպատակին հասնելու համար:
Ութերորդ հորիզոնականում «Երեք խոզուկները» մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:
Իններորդ հորիզոնականում Շառլ Պերոյի «Կարմիր գլխարկը» հեքիաթն է: Այն կարծես օրորոցային լինի փոքրիկների համար, հետևաբար քաջ հայտնի է բոլորին: «Կարմիր գլխարկը» ամենահայտնի հեքիաթներից է և սիրվել է բոլորի կողմից:
Տասներորդ հորիզոնականում է Ֆրենսիս Հոջսոն Բրնեթի «Խորհրդավոր պարտեզը» գիրքը: Տասնամյա Մերի Լենոքսի ծնողները Հնդկաստանում բռնկված խոլերայի համաճարակի զոհ են դառնում: Աղջկան տեղափոխում են Անգլիա` Յորքշիր, և հանձնում հանգուցյալ հորաքրոջ ամուսնու խնամքին: Յորքշիրյան շքեղ, բայց մռայլ կալվածքում կան բազմաթիվ փակ դռներ, խորհրդավոր արգելված վայրեր ու գաղտնիքներ, որոնք Մերին բացահայտում է իր անհանգիստ բնավորության ու աղջկական հետաքրքրասիրության շնորհիվ: