«Այդպիսի զրույցներ ժամանակին եղել են, ասել եմ, որ դրա մասին վաղ է խոսել». Խաչատուր Սուքիասյանը՝ քաղաքապետ դառնալու լուրերի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին և ՔՊ-ից նրա դուրս գալուն։
«Ես ողջունում եմ, որ 30 տարվա մեջ առաջին անգամ քաղաքական հայտ ներկայացվեց, քաղաքական հայտն այն է, որ եթե համամասնական ցուցակով ընտրվում էին, դա թիմային ընտրություն էր, դա քաղաքական ծրագրի ընտրություն էր, նաև քաղաքական համակարգի ընտրություն է, որն ունի իր տրամաբանությունը։ Դա այն է, որ եթե այս կամ այն քաղաքական ուժի հետ գնացել եք ընտրությունների և ստացել եք իքս ձայներ, դուք շարունակում եք նույն թիմի հետ աշխատել։ Եթե դուք ունեք անհամաձայնություններ, պետք է հրաժարվեք և հեռանաք։ Այստեղ երկու հարթակ կար, առաջինը քաղաքական էր, որն ասացի, երկրորդը՝ այն աշխատանքները և ծրագրերը, որոնք պետք է կատարվեին։ Հաշվի առնելով, որ հեռացող քաղաքապետ է, ես չեմ ուզում ամեն ինչ այդպես խորքային ասել, ուղղակի պետք է շատ հետաքրքիր մոնիտորինգ արվի, հասկանանք, թե մենք ինչ հնարավորություններ ենք ունեցել»,- նշեց Խաչատուր Սուքիասյանը։
Ըստ նրա, այսօր ամբողջ աշխարհը գնում է արդյունավետության, եթե այս կամ այն մասնավոր կառույցը այս կամ այն կազմակերպության հետ մրցում է, և իր ծախսերն ավելի շատ են, քան մնացածինը, ապա իքս ժամանակ հետո այդ կառույցը դաշտից կվերանա։
Նա անդրադարձավ նաև այն խոսակցություններին, որ իշխանությունը Հայկ Մարությանին պաշտոնանկ անելուց հետո քաղաքապետ է նշանակելու իրեն։
«Այդպիսի զրույցներ եղել են ժամանակին, ես ասել եմ, որ դրա մասին դեռ վաղ է խոսել, որովհետև կան մարդիկ, որ աշխատում են, այդ խոսակցությունը եղել է մինչև անգամ իր առաջադրվելուց։ Ինձ առաջարկել են, ես ասել եմ, որ ես դրա կարիքը չունեմ։ Առհասարակ ես չեմ ուզում իմ ունեցած ու ապրած ժամանակահատվածը, որ մասնավոր սեկտորում ներգրավված եմ եղել, թե՛ խորհրդատվության կարգով, թե՛ մասնակցությամբ, թե՛ որպես համակարգ ստեղծող, դա ինձ ավելի է դուր գալիս։ Ինչ վերաբերում է հիմա առաջարկ անելուն, ապա պետք է ասեմ, որ քաղաքապետի ընտրությունները լինելու են 2023 թվականին, ինքս նման ցանկություն չունեմ, որպեսզի պետական պաշտոն զբաղեցնեմ, որովհետև Հայաստանում մենք դեռ խնդիր ունենք կրթության հետ կապված»,- շեշտեց նա։