Արտաքին սպառնալիքներն ու «խաղաղության դարաշրջանի» ուտոպիան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Բրյուսել յան հանդիպումներից հետո իշխանությունները սկսել են ժողովրդի շրջանում նոր հույսեր ներշնչել, թե պետք է մի քիչ էլ համբերությամբ լցվել ու սպասել, քանի որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունները կարգավորվելու են, և խաղաղության ու բարգավաճման դարաշրջան է բացվելու։ Եվ, որքան էլ ցավալի է, որոշ մարդիկ դեռ տեղ են տալիս իշխանական քարոզչական թեզերին այն պարագայում, երբ անվտանգային և տնտեսական առումով երբեք այսպիսի թույլ վիճակում չենք հայտնվել։ Երկրում բարդանում է սոցիալ-տնտեսական վիճակը, չկա աշխատավարձերի ու թոշակների իրական բարձրացում, տնտեսությունը ստագնացիայի մեջ է, իսկ պետությունը սոցիալական խնդիրները լուծում է բացառապես պարտքի հաշվին։ Մյուս կողմից էլ՝ գնաճն է հուժկու հարված հասցնում սպառողների գրպանին։ Տնտեսագետների կանխատեսումների համաձայն, 2021 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,2 %, իսկ գնաճի ցուցանիշը՝ 8,4 %։

Այսինքն, գնաճը կրկնակի կգերազանցի տնտեսական աճին, ինչը ևս փաստում է այն մասին, որ քաղաքացիների ֆինանսական վիճակն էլ ավելի է բարդանալու։ Իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե շուտով Թուրքիայի հետ սահմանները բացվելու են, սկսվելու է առևտուրը, և Հայաստանը թռիչքային աճ է գրանցելու։ Սակայն Անկարայից դեռևս միայն բանագնաց նշանակելու մասին են հայտարարել, ինչը չի նշանակում, թե սահմաններն անպայմանորեն բացելու են։ Դեռ երկար բանակցություններ են ընթանալու, ու թուրքերն անընդհատ փորձելու են հայկական կողմից մեկը մյուսին գերազանցող զիջումներ կորզել։

Հիմա թուրքական նախապայմանների մեջ կարևոր տեղ է գրավում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Եվ չնայած Փաշինյանն ամեն անգամ հայտարարում է, թե միջանցքի հարց չեն քննարկում, սակայն չի բացառվում բանակցությունների արդյունքում մի օր պարզվի, որ այն որոշակի տարրերով գործնական տեսք է ստացել, այսինքն՝ իշխանությունները հանրությունից գաղտնի պայմանավորվածության են գնացել։ Միջանցքի հարցից հետո, թերևս, պարզ է, որ Թուրքիան Հայաստանի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու հարցն է օրակարգ բերելու, դրան էլ կհետևի Թուրքիայի հետ սահմանների ճանաչման հարցը։ Կարճ ասած՝ Թուրքիայի նախապայմանները ենթադրում են, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր պատմական իրավունքներից։

Իսկ այն տեսակետները, թե Թուրքիան կառուցողական է տրամադրված և իրապես ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հաաստանի հետ, անհիմն են։ Ավելին, նույնիսկ հնարավոր է Հայաստանի ավելի խորը մեկուսացում։ Մենք իրենց երաշխիքներ ենք տալիս, որ Սյունիքով ապահովվելու է տեղաշարժի անվտանգությունը Թուրքիայից դեպի Նախիջևան, ապա Ադրբեջան, քանի որ այդ ուղին, ըստ նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարության, հսկելու են ռուս խաղաղապահները, բայց մյուս կողմից ոչ մի երաշխիք չկա, որ ՀՀ քաղաքացիները և հայկական ապրանքները կարող են անվտանգ տեղափոխվել Թուրքիայի ու Ադրբեջանի տարածքով։ Կարևոր է նաև հաշվի առնել, որ եթե Թուրքիան Սյունիքով կապվեց Ադրբեջանի հետ, ապա շատ շուտով փորձելու է ներթափանցել Միջին Ասիա ու Հյուսիսային Կովկաս։

Պանթուրքական ծրագրերն այս դեպքում լուրջ վտանգ կարող են ներկայացնել Ռուսաստանի, Իրանի և, ինչու չէ, նաև Չինաստանի համար, քանի որ Թուրքիայի վերջնական նպատակն է հասնել մինչև Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջան։ Բացի այդ, պատահական չէ, որ կոնկրետ այս փուլում են Թուրքիայում որոշել բացել 1990-ականների չեչենական անջատողական շարժման առաջնորդ Ջոհար Դուդաևի արձանը, որը ներկայացվում է որպես ազատության մարտիկ։ Այս թեմային անդրադարձավ անգամ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան։ Ուստի այս փուլում Հայաստանը պետք է լարի իր ուժերը դիվանագիտության ոլորտում, ակտիվորեն աշխատի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, բարիդրացիական հարևան Իրանի ու իրենցից էական ուժ ներկայացնող Չինաստանի ու Հնդկաստանի հետ։ Սակայն հարկ է, որ այս աշխատանքը կոնկրետ գործնական տեսք ստանա պայմանագրերի ու կոնկրետ պայմանավորվածությունների տեսքով, որպեսզի հնարավոր լինի բալանսավորել թուրքական սպառնալիքը։

Բայց իշխանությունները այսպիսի կարևոր հարցերի վրա կենտրոնանալու փոխարեն ներքաղաքական հարցերով են զբաղված էժանագին գործիքակազմով, ընդդիմադիր ուժերին ու անհատներին վերաբերվելով թշնամաբար, իսկ թշնամուն՝ բարեկամաբար։ Եվ վերջապես՝ եթե միամիտներ կան, որոնք հավատում են, որ նույնիսկ հաշտության պայմանագրի ստորագրումից ու Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո հակառակորդը հրադադարի ռեժիմը չի խախտելու ու սադրանքների չի դիմելու, ապա այդ մարդկանց խորը հիասթափություն է սպասում»։

Տեսանյութեր

Լրահոս