Թուրքմենաադրբեջանական գազը կարող է Եվրոպա մտնել հինգ տարի անց. փորձագետ
Ադրբեջանը և Թուրքմենստանը շարունակում են բանակցությունները Կասպից ծովում «Դոստլուղ» հանքավայրի համատեղ յուրացման շուրջ: Դրա գործարկման համար կպահանջվի հինգ տարի, որից հետո այն կարող է դառնալ դեպի Եվրոպա «Հարավային գազային միջանցքի» համար գազի աղբյուրներից մեկը, կարծում են փորձագետները: Ռուսական «Լուկօյլը» ցանկանում է մասնակցել նախագծին:
Աշխաբադում տեղի է ունեցել Կասպից ծովում «Դոստլուղ» հանքավայրի համատեղ յուրացման հարցերով Ադրբեջանի և Թուրքմենստանի համատեղ աշխատանքային խմբի նիստը: Այն գտնվում է երկու երկրների տնտեսական գոտիների խաչմերուկում, և հունվարին Բաքուն և Աշխաբադը համագործակցության հուշագիր են ստորագրել: Ադրբեջանին բաժին կհասնի նավթի ու գազի 30 տոկոսը, իսկ Թուրքմենստանին՝ 70 տոկոսը:
«Հանդիպմանը կողմերը քննարկել են ընթացիկ տարվա մարտին և մայիսին կայացած նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հրատապ հարցերը: Հատուկ շեշտը դրվել է գործընկերների, ինչպես նաև ներդրողների ներգրավման համատեղ աշխատանքների ակտիվացման վրա՝ հեռանկարային միջկառավարական փաստաթուղթը հաջողությամբ կյանքի կոչելու համար»,- ասված Է Թուրքմենստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Հանքավայրի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրա համար պետք չէ գազատար կառուցել դեպի ափ: Բավական է կառուցել 20 կմ խողովակաշար և այն միացնել «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» ենթակառուցվածքներին, որոնց նավթի և գազի արդյունահանման ծավալները տարեցտարի նվազում են հյուծման պատճառով՝ նշում է նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավարը:
Ըստ փորձագետների` եթե հանքավայրում հայտնվի նույնիսկ 50 մլրդ խմ գազ, ապա դրանք կարելի է օգտագործել «Հարավային գազային միջանցքով» Եվրոպա արտահանելու համար: Օրինակ, տարեկան 3 միլիարդ խորանարդ մետր: Ինչ-որ մեկի համար, հնարավոր է, դրանք փոքր ծավալներ են, իսկ ինչ-որ մեկի համար միանգամայն բավարար են Ադրիատիկ ավազանի ամբողջ երկրների գազի շուկայի դիվերսիֆիկացիան ապահովելու համար։
Ի դեպ, առայժմ «Հարավային գազային միջանցքը» խնդիրներ ունի նախագծի ընդլայնման հետ: Ավելի վաղ Տրանսադրիատիկ գազատարի եվրոպական հատվածի օպերատորը` TAP AG-ը, անցկացրել է շուկայական թեստեր, և եվրոպական ընկերությունները ցանկություն չեն հայտնել մեծացնել Կասպից գազի ներմուծումը. Այժմ այն գործարկել է նոր թեստ: Հունիսին «Դոստլուղի» յուրացմանը մասնակցելու ցանկության մասին հայտարարել էր «Լուկօյլի» ղեկավար Վագիթ Ալեքպերովը: «Դոստլուղ»-ի հետ խորհրդակցություններ են ընթանում, նախապատրաստվում է միջկառավարական հայտարարություն: Մենք կցանկանայինք օպերատորներ լինել, բաժնեմասը դեռ չգիտենք»,- ասել է ռուսական մասնավոր նավթագազային ընկերության ղեկավարը:
Աղբյուրը՝ Eadaily