Մեղրիի նորընտիր համայնքապետն ազգակցական կապեր չունի Մխիթար Զաքարյանի հետ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի խոսքով՝ սպասելի էր, որ կլինի այնպես, ինչպես այսօր Ադրբեջանն է վարվում Հայաստանի հետ, քանի որ պատերազմում հաղթել է ու ձգտում է առավելագույնին։
«Մենք պետք է ձգտենք այս իրավիճակից դուրս գալ նվազագույն կորուստներով։ Նույնիսկ տնտեսագիտորեն բեռնաշրջանառության մասով ասիմետրիկ է Մեղրիով նախատեսվող այդ բեռնաշրջանառությունը և Լաչինի միջանցքը, չհաշված հարցի բարոյական կողմը։ Այդ երկու տարբեր հարթություններում գտնվող մեծություններ են։ Այս պահին ես դեմագոգիա եմ համարում դրանց բերել նույն դաշտ կամ փոխկապակցել իրար հետ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Մխիթար Զաքարյանը՝ անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, որ «եթե Հայաստանը մաքսակետեր դնի Սյունիքում, ապա Ադրբեջանն էլ կդնի Լաչինի միջանցքում»։
Ինչ վերաբերում է Սյունիքի ճանապարհներին, պատգամավորն ասաց, որ երկար ժամանակ բացակայել է Սյունիքից, քանի որ ազատազրկված էր, իսկ կալանավայրից դուրս գալուց հետո էլ դեռ չի հասցրել գնալ։ Վերջին անգամ հունիսին է եղել Սյունիքում, երբ դեռ Մեղրիի համայնքապետն էր։
Նա ընդգծեց, որ դեմ չէ, որ բոլոր ճանապարհները բացվեն, վերագործարկվեն, սակայն ամեն ինչ պետք է արվի արժանապատիվ ձևով։
«Հիմա մենք չենք կարող նման բան անել՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, մենք դեռևս պարտությունից ուշքի չենք եկել։ Որպեսզի կարողանանք մեր շահերն առաջ տանել, պետք է ֆակտոր լինենք, պետությունն իրենից բան ներկայացնի և իր շահերն առաջ տանի։ Մենք պետք է ոտքի կանգնենք, նոր կարողանանք հարաբերվել հարևանների հետ»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է ընդդիմության հայտարություններին, որ հարկ եղած դեպքում պատրաստ են վայր դնել մանդատները, Մխիթար Զաքարյանը նշեց, որ, եթե պետության շահը պահանջի, օրակարգում կարող է մանդատները վայր դնելու հարցն էլ լինի։ Այսինքն՝ կառչած չեն մանդատից։
Ինչ վերաբերում է տարածված խոսակցություններին, թե Մեղրիի նոր համայնքապետն իր հետ ազգակցական կապեր ունի, Մխիթար Զաքարյանը հերքեց՝ ընտրված համայնքապետի հետ առհասարակ որևէ ազգակցական որևէ կապ չունեն, իսկ ազգանունների համընկնումը պարզապես զուգադիպություն է։
«Ինչ վերաբերում է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցչին, ապա նա նախկինում եղել է «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ, տեղյակ եմ, որ եղել են ընտրություններ, երբ ՀՀԿ-ին է պաշտպանել, հիմա էլ առաջադրվել է «Հանրապետություն» կուսակցությունով։ Ես օպտիմիստ եմ, կցանկանայի, որ համայնքապետն իր աշխատանքում հաջողեր։ Եթե իրենց կողմից կլինի առաջարկություն, ես իմ ուժերի ներածին չափով կաջակցեմ»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը։