Կապանի դատաբժիշկը 70.000 դոլար կաշա՞ռք էր վերցրել
2012թ. դեկտեմբերին Կապանի դատական բժիշկ Գագիկ Բաբայանի կալանավորումը մեծ աժիոտաժ է առաջացրել Կապանում: Բաբայանի ձերբակալության մասին խոսում են նույնիսկ քաղաքի տաքսիներում: Գ. Բաբայանին երկամսյա կալանք է սահմանվել ՔՕ-ի 338 հոդվածով` ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար: Այս մասին 168.am-ին փոխանցել են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից: Այլ մանրամասներ հրաժարվեցին մեզ փոխանցել:
Կապանում շրջանառվող խոսակցությունների համաձայն` դատաբժիշկը 70.000 դոլար կաշառք է վերցրել երկու տարի առաջ Քաջարանում տեղի ունեցած սպանության մասին ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար: Նա, ըստ լուրերի՝ չարաշահելով իր լիազորությունները` դատական փորձաքննության ժամանակ նշել էր, թե մարդասպանը միայն մեկ հարված է հասցրել սպանվածին, այնինչ իրականությունն այլ է եղել:
Նկատենք նաև, որ, կապանցիների փոխանցմամբ` Գ. Բաբայանը վերցրած կաշառքը «կիսել» էր Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Գագիկ Դանիելյանի հետ: Վերջինս նույնպես ձերբակալվել է 2012թ. դեկտեմբերի 5-ին` նրա նկատմամբ երկամսյա կալանք է սահմանվել ՔՕ 349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ըստ որի` Գ. Դանիելյանը քրգործով ապացույց է կեղծել ծանր հանցագործության մասին:
Վերջինս որպես վկա՝ ներգրավել է Ն. Հ.-ին (ըստՈստիկանության տեղեկատվության) և նրան ուղղորդել է ակնհայտ սուտ ցուցմունք տալ այն մասին, որ ականատես է եղել 2010թ. օգոստոսի 28-ին ժամը 22:30-ի սահմաններում Սահակյանի կողմից Քաջարան քաղաքի զբոսայգում Գրիգոր Պապյանի հետ վիճաբանությանը, ինչպես նաև տեսել է, թե ինչպես է Ս. Սահակյանը դանակի բռնակով հարվածում Գ. Պապյանի գլխին: Մինչդեռ Ն.Հ-ն հանցագործության պահին այդ վայրում չէր գտնվում:
Սակայն ոչ պաշտոնական խոսակցությունները Սյունիքի մարզկենտրոնում շարունակում են նոր թափ հավաքել: Ըստ այդմ` շաբաթներ առաջ, կրկնակի փորձաքննություն կատարելու նպատակով՝ 2010թ. օգոստոսի 28-ին Քաջարանում սպանված Գրիգոր Պապյանի դին նոր փորձաքննության են ենթարկել: Կապանցիները խոսում են նաև այն մասին, թե նոր փորձաքննության ընթացքում պարզվել է, որ սպանվածի օրգաններն անհետացել են:
Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել Քաջարանում՝ հարսանեկան արարողությունից հետո: Ընդ որում` հարսանեկան արարողությանը մասնակցում էր նաև Գ. Պապյանի նորաստեղծ ընտանիքը: Պապյանն ուներ մեկ երեխա: Ոչ պաշտոնական վարկածի համաձայն` Գ. Պապյանի, Գևորգ Թոսունյանի և Սահակ Սահակյանի միջև վեճ էր տեղի ունեցել, որը հանգեցրել էր սպանության: Պաշտոնական վարկածով` վիճաբանությունը տեղի էր ունեցել Քաջարանի մշակույթի տան հարևանությամբ:
ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է հետևյալը. «2010թ. օգոստոսի 28-ին, ժամը 20-ի սահմաններում, Քաջարանի մշակույթի տան մոտակայքում գործող սրճարանի բացօթյա հատվածում Գրիգոր Պապյանի հետ Գևորգ Թոսունյանի և Սահակ Սահակյանի վիճաբանելու, միմյանց նկատմամբ բռնություն գործադրելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված, ինչպես նաև նույն օրը ժամը 22:30-ի սահմաններում Գրիգոր Պապյանին սպանելու դեպքով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործերով ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ քրեական գործերով նախաքննություն և հետաքննություն իրականացրած առանձին պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները և առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց են կեղծել»:
Նշյալ հաղորդագրության մեջ նաև ասվում է. «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդված 1-ին մասի հատկանիշներով 2012 թ. նոյեմբերի 9-ին հարուցվել է նոր քրեական գործ, որի նախաքննությունը նույնպես իրականացվում է ՀՀ քննչական գլխավոր վարչության Հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում»: Նախաքննությունը դեռևս շարունակվում է:
Ըստ սյունեցիների` մինչ օրս Սահակ Սահակյանն իրեն մեղավոր չի ճանաչում և շարունակում է պնդել, որ իրական մարդասպանը գտնվում է ազատության մեջ: