Rolls Royce-ը 2012 թվականին ռեկորդ է սահմանել վաճառած ավտոմեքենաների քանակով
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանրահայտ Rolls Royce ավտոշինական ընկերությունն իր գոյության 108 տարիների ընթացքում 2012 թվականին ռեկորդ է սահմանել ավտոմեքենաների վաճառքի հարցում:
Նախորդ տարի ընկերությունը վաճառել է 3575 ավտոմեքենա: Դրանով իսկ ընկերությունն արդեն երրորդ տարին անընդմեջ մեծացնում է ավտոմեքենաների վաճառքը: Նշվում է, որ ներկայումս Rolls Royce-ի տարբեր մոդելները վաճառվում են ավելի քան 40 երկրներում:
Ընդ որում, այդ մեքենաների ավելի շատ պահանջարկ ունենալու ցուցանիշով ԱՄՆ-ն այժմ առաջ է անցել Չինաստանից: Դրա արդյունքում Rolls Royce-ին հաջողվել է առաջատար դիրքեր պահպանել «լյուքս» դասի ավտոմեքենաների շուկայում, որի մանրածախ գինը գերազանցում է 200.000 եվրոն:
Rolls Royce ընկերությունը հիմնադրվել է 1904 թվականին, Անգլիայում: Ներկայումս այն հանդիսանում է գերմանական BMW ավտոշինական կոնցեռնի դուստր ընկերություն: Rolls Royce-ի բոլոր գործարանները գտնվում են Մեծ Բրիտանիայում, իսկ ավտոմեքենաների վրա կատարվող բոլոր աշխատանքներն իրականացվում են ձեռքով՝ բացառությամբ թափքի ներկման: