«Անկախ մահվան ելքով այս միջադեպերի հանգամանքներից, դեպքի վայրերից ադրբեջանցիների դրդապատճառը մեկն է՝ սպանել հային». Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Արցախի Ճարտար քաղաքի ուղղությամբ ադրբեջանցի զինծառայողների նոր սադրանքը գալիս է լրացնելու հոկտեմբերին Մարտակերտի ուղղությամբ, իսկ նոյեմբերին Շուշիի հարակից հատվածում՝ գլխավոր մայրուղու ուղղությամբ, ադրբեջանցիների իրականացրած հանցագործությունները։
Ստացվում է, որ վերջին 3 ամիսներին ադրբեջանական սադրանքների արդյունքում, Արցախում 3 քաղաքացիական անձ է սպանվել՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ, Ջրմուղի մասնագետ և անասնապահ։
Անկախ մահվան ելքով այս միջադեպերի հանգամանքներից, դեպքի վայրերից ադրբեջանցիների դրդապատճառը մեկն է՝ սպանել հային, խաթարել արցախցիների այդպես էլ չհաստատված խաղաղությունը և հիշեցնել թուրքի ատելության և իրական նպատակների մասին։
Որքան էլ ցավալի լինի արձանագրումը, այս միջադեպերը հնարավոր էր կանխել, եթե Արցախում և հատկապես Հայաստանում որոշումներ կայացնողները հստակ գիտակցեին մեր առաջնահերթությունները, ժամանակին ֆիքսեին սպառնալիքները և դրանից բխող կանխարգելիչ միջոցառումներ իրականացնեին։
Իշխանությունը նպատակային ձևով մեր հանրությանը շարունակում է պահել զոհի կարգավիճակում՝ անընդհատ համոզելու և հիմնավորելու իր զիջողականությունն ու պարտությունների շարքը»։