Ինչո՞ւ են թիմակիցները լքել Տեր-Պետրոսյանին
Երեկ մենք փորձեցինք «Հայկական Ժամանակ» օրաթերթում Նիկոլ Փաշինյանի հրապարակած «Քաղաքական տարին մեկնարկելիս» հրապարակման մեջ արտահայտված որոշ գնահատականների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ՀՀՇ նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանից: «Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ես դուրս եմ լինելու ձեր դաշտից»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց նա:
Սա նշանակում է, որ ՀՀՇ նախագահն առնվազն մեկ շաբաթ չի զբաղվելու հրապարակային քաղաքականությամբ: Ի՞նչն է նման քաղաքական ծոմապահության պատճառը:
Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն իր հրապարակման մեջ խոսել էր վերջին երկու տարում Լևոն Տեր-Պետրոսյանի թույլ տված երկու լուրջ քաղաքական սխալի մասին. առաջինն իշխանությունների հետ երկխոսության գնալը և դրա տապալումից հետո հանուն նախագահի հրաժարականի պայքարից հրաժարվելն է և քաղաքագիտական վերլուծությունը, որի արդյունքում ՀԱԿ-ը դարձավ ԲՀԿ կցորդը:
Արամ Մանուկյանը հասկանում է, որ ինքը պետք է կամ հայտարարի, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, ինչը չի կարող անել, քանի որ նա չի կարող ընդունել, որ հիմնադիր նախագահը կարող է ընդհանրապես սխալվել, բայց չի կարող հակադարձել Նիկոլ Փաշինյանին, քանի որ հասկանում է, թե դրան ի պատասխան՝ ինչ ուժի և ծանրության հարված կստանա Նիկոլ Փաշինյանից: Դրա համար Մանուկյանն ընտրել է ամենաանշառ մոտեցումը. նա որոշել է լռել:
Սա վերաբերում է ոչ միայն Արամ Մանուկյանին: Ի պաշտպանություն Լևոն Տեր-Պետրոսյանի և ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ հրաժարվում են հանդես գալ նաև ՀԱԿ այլ ներկայացուցիչներ: Լևոն Տեր-Պետրոսյանին պաշտպանելն արդեն մոդայիկ չէ, դրանից այլևս ոչ մի օգուտ կամ ակնկալիք չկա, իսկ վնասն ակնհայտ է:
Լուսանկարը՝ news.am-ի