Ինչո՞ւ է Արցախի դատախազությունն արձագանքել թշնամու օգտին աշխատող բլոգերի հայտարարությանը. արդյո՞ք գեներալների պատիվն է պաշտպանելու

Արցախի դատախազությունը հայտարարություն է տարածել, որով հայտնում են, որ «սույն թվականի նոյեմբերի 30-ից սոցիալական ցանցերում տարածվում է ֆեյսբուքյան օգտատեր Ռոման Բաղդասարյանի մասնակցությամբ տեսանյութն այն մասին, որ Արցախի պաշտպանության բանակը, սպաներն ու գեներալները պատերազմի ընթացքում կատարել են սպանություններ, տվել են սպանություններ կատարելու հրամաններ, Մատաղիսում սպանել են 200 մարդու»:

«Նկատի ունենալով, որ հիշյալ տեսանյութում Ռ. Բաղդասարյանի կողմից ներկայացվել են հանցագործության մասին տեղեկություններ, ուստի այն ուղարկվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն՝ հետագա քննարկման համար»,- նշվում է Արցախի դատախազության հայտարարության մեջ:

Հետաքրքիր է՝ ադրբեջանական լրատվամիջոցների հերոսի, հակահայ և հակաարցախյան գործունեություն ծավալող այս անձնավորության մեղադրանքներին Արցախի դատախազությունը շտապ արձագանքել է՝ Արցախի ՊԲ-ի, գեներալիտետի հեղինակությունը և պատիվը պաշտպանելո՞ւ, թե՞ այլ շարժառիթներից ելնելով: Այս անձնավորությունը տարբեր մեղադրանքներ է հնչեցրել նաև Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև Սրբազանի հասցեին, բայց Արցախի դատախազությունը նույնքան ուշադիր չի եղել:

Երկրորդ՝ Արցախի իրավապահ մարմինները և ուժային կառույցները նախ պետք է քննեն, թե որտեղի՞ց Ռոման Բաղդասարյանին նման տեղեկություն, առհասարակ ի՞նչ նպատակով է նա այցելում Արցախ, դիրքեր, ո՞վ կամ ովքե՞ր են նրան թույլատրում, և արդյոք նպատակը բարեգործությո՞ւնն է, թե՞ դրսի կամ թշնամու պատվերով այլ խնդիր է նա լուծում, քանի որ ադրբեջանական օգտատերերի կողմից ոգևորությամբ են ընդունվում նրա հակահայ և Արցախի դեմ «լայվերը»: Հիշեցնենք, որ այլ առիթով այս անձը հայտարարել էր, թե «հարբած հայ զինվորականներն են կրակել ադրբեջանցիների ուղղությամբ»:

Ի դեպ, Բաղդասարյանի «ձեռքը» փաշինյանական իշխանության օրոք հասել է նաև ՀՀ զորամասերին և կորպուսներին: Մասնավորապես, այս տարվա մարտի 29-ի առավոտյան Բերդի զորամասում միջադեպ էր տեղի ունեցել, ինչի մեջ, ըստ 168.am-ին հասած հավաստի տեղեկությունների, ռուսաստանաբնակ բլոգեր Ռոման Բաղդասարյանի «մատն էր խառը»: Սա 3-րդ բանակային կորպուսի այդ ժամանակվա հրամանատար Գրիգորի Խաչատուրովի դեմ իշխանական արշավի շրջանակում և տրամաբանության մեջ էր:

Նա փորձել էր իր ծանոթ զինվորի միջոցով Բերդի զորամասում «բունտ» կազմակերպել, հաջողվել է 30 հոգու կարճ ժամանակով զորամասից դուրս հանել:

Նպատակը՝ անկայունություն մտցնել 3-րդ բանակային կորպուսում:

Ի դեպ, ռուսաստանաբնակ բլոգեր Բաղդասարյանը միջադեպի մասին անմիջապես գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ Գրիգորի Խաչատուրովի հասցեին մեղադրանքներով «համեմված», թե պետք է հեռացնել բանակից գեներալին:

Մեկ այլ գրառման մեջ բլոգերը, ըստ էության, ընդունել էր իր միջամտությունը տեղի ունեցածին՝ «երբ մի ամբողջ բատալյոն լսում է ժուռնալիստի խորհուրդը, ոչ թե Յուրի Խաչատուրովի որդուն»:

Որոշ ժամանակ հետո բլոգեր Բաղդասարյանը հեռացրել էր իր գրառումները:

Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովից ազատվելը ադրբեջանական ցանկություն էր, որը իշխանության կողմից կատարվեց:

«ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուս, որը ղեկավարում է գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Գրիգորի Խաչատուրովը, ըստ էության, ապրում է իր կյանքով, և կարելի է ասել՝ այնքան էլ չի ենթարկվում Նիկոլ Փաշինյանին»,- ասվում էր ադրբեջանական caliber.az-ի ռեպորտաժում:

Վերադառնալով բլոգեր Ռոման Բաղդասարյանին և նման անձանց, պետք է նշել, որ վերջին պատերազմի պարտության հիմնական պատճառներից մեկը նաև նման անձանց մուտքի թույլտվությունն էր կամ առնվազն չարգելելը ռազմական օբյեկտներ, վայրեր, մարտի դաշտ: Ո՞վ գիտի՝ ինչ տվյալներ են հանձնվել թշնամուն: Արցախի և ՀՀ-ի ԱԱԾ-ն առաջին հերթին նման դեպքերին պիտի ուշադրություն դարձներ, ինչո՞ւ չէ նաև՝ պատերազմի դաշտում հայտնված պատահական կամավորականներին:

Իսկ պատերազմի ընթացքում ռազմական յուրաքանչյուր դրվագ պետք է քննվի, և եթե այս կամ այն գեներալի կամ հրամանատարի մեղքը կա թեկուզ մեկ զինվորի զոհվելու հանգամանքում, պետք է օրենքով սահմանված պատասխանատվություն և պատիժ կիրառվի, բայց ոչ ռոմանբաղդասարյանների «նավոդկով», որը ոչ այլ ինչ է, քան հակաարցախյան և հակաբանակային կեղտոտ խաղ:

 

Իսկ գեներալները շարունակում են լռել և խուսափում պաշտպանել սեփական հեղինակությունը նմաններից: Հետաքրքիր է՝ պատերազմի օրերին ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը ասելիք չունի՞… Ի դեպ, սոցցանցում պտտվող լուրերի համաձայն՝ վերջին օրերին Բաղդասարյանը եղել է Սյունիքում և Արցախում:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր շտաբից հունիսի 20-ին` ուշ երեկոյան, լուսանկար էր տարածվել, որում երևում էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի հետ նույն սենյակում նստած էր նաև բլոգեր Ռոման Բաղդասարյանը: Մտածելու առիթները շատ են, այդպես չէ՞:

Տեսանյութեր

Լրահոս