Իտալացիներն «Արմավիան» գերադասում են Alitalia-ից
Ֆրանս-հոլանդական Air France-KLM ավիափոխադրողը կարող է մեծացնել իր մասնաբաժինը Alitalia ավիաընկերությունում՝ դառնալով բաժնետոմսերի հսկիչ փաթեթի սեփականատեր։ Այս մասին գրել են միաժամանակ «I1 Messagero»-ն և «The Financial Times»-ը։ Երկուսն էլ հղում են արել իրենց անանուն աղբյուրներին։
Alitalia-ի բաժնետոմսերի մեծ մասը ներկայումս պատկանում է իտալական ներդրողների Compagnia Aerea Italiana (CAI) կոնսորցիումին։ Իսկ Air France-ի մասնաբաժինն այս պահին կազմում է 25%։
2008 թվականին իտալական կառավարությունը Alitalian-ն վաճառեց այն պայմանով, որ ներդրողներն իրենց մասնաբաժինը իրավունք չպետք է ունենան վաճառել մինչև 2013թ. հունվարի 12-ը։ Փաստորեն, մի քանի օր անց Air France-ը կարող է տեր դառնալ հսկիչ փաթեթին՝ CAI-ին առաջարկելով 20%-ով ավելի բարձր գին, քան կոնսորցիումը վճարել է 2008-ին։
Ի դեպ, այս տեղեկություններին արձագանքել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ով նախկինում դեմ է եղել ազգային ավիափոխադրող հանդիսացող ընկերությունն օտարերկրյա սեփականատերերին հանձնելու նախաձեռնությանը։
«Մեր երկիրը չի կարող չունենալ ազգային ավիափոխադրող։ Ես լավ գիտեմ ֆրանսիացիներին։ Եթե Alitalia-ն անցնի Air France-ին, ապա զբոսաշրջիկները շուտով կթռչեն ոչ թե մեր արվեստի Լուարայի ամրոցները»,- Facebook-ի իր էջում գրել է Բեռլուսկոնին։
Նշենք, որ իտալական «Ալիտալիա» ավիաընկերությունը 2012թ. նոեմբերին մուտք գործեց նաև հայաստանյան շուկա՝ իրականացնելով Հռոմ-Երևան-Հռոմ ուղղությամբ թռիչքները։ Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին այն ժամանակ ասել էր, որ ավիաընկերության մուտքը հայաստանյան շուկա կնպաստի հայ-իտալական հարաբերությունների բարելավմանը: Փաստորեն, եթե Բեռլուսկոնիի մտահոգություններն արդարացված են, ապա Alitalia-ի կլանումն Airfrance-ի կողմից կնպաստի ոչ թե հայ-իտալական, այլ հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել բարելավմանը։
Ի դեպ, Բեռլուսկոնիի հայտարարության և հայկական իրականության միջև մի հետաքրքիր զուգահեռ էլ կա։ Իտալիան վաճառում է ազգային ավիափոխադրող հանդիսացող ընկերությունը։ Նույնը, ինչպես արդեն գրվել է, պատրաստվում է անել հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը։ Ուշագրավն այն է, որ «Արմավիայի» ամենահավանական գնորդները հենց իտալացիներն են։